Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը եղել և մնում է միտինգային հարթության մեջ. ԱԺ փոխխոսնակ
Քաղաքական
15:10 18/09/2015

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը եղել և մնում է միտինգային հարթության մեջ. ԱԺ փոխխոսնակ

Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ստիպել են եզրակացնել. «ընդդիմությունը Հայաստանում եղել ու մնում է միտինգային հարթության մեջ»:

«Մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք լավ հանրահավաքին գործընկերներ են, իրենց ելույթներում մնում են հանրահավաքային հռետորների դերում, իսկ սա ռազմավարական ու մարտավարական սխալ է: Ժամանակն առաջ է գնում, ինչ եք դուք ասում, որ իշխանությունը վատն է, որ ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, իսկ ի՞նչ եք անում դուք ամեն անգամ դեմ քվեարկելով պետական բյուջեի նախագծին կամ այլ հիմնարար օրենքներին: Ես աղոտ հույսեր ունեի, որ սահմանադրության այս քննարկումը ընդդիմադիր գործընկերներին բովանդակային քննարկման կմղեր, թեկուզ սեփական շահից ելնելով, բայց…»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայատարարեց Նաղդալյանը:

Նրա խոսքով, Սահմանադրության փոփոխությունների նախագիծը փոխզիջումային սկզբունքներով կառավարելու Սահմանադրություն է:

«Ոչ եք ասում սկզբունքորեն, առանց պատճառաբանելու, հետո ի՞նչ եք անելու: Իշխանությունը քայլ է անում դեպի հանրային բարելավում, բայց դուք չեք ուզում, ուզում եք իշխանություն լինեք, կրկնում եք, որ ուզում ենք վերարտադրվել, իսկ դուք չեք թողնի: Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը սահմանադրական փոփոխությունների հետ կապելը ու դրանից կառչած մնալը ձեր թուլության ու իրական ասելիք չունենալու հետևանք է: Սուրբ տեղը թափուր չի մնալու, ձեր փոխարեն ուրիշներն են գալու»,- հայտարարեց նա:

 

Placeholder
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը եղել և մնում է միտինգային հարթության մեջ. ԱԺ փոխխոսնակ