Հավանաբար մտածել են, որ վիճակը շտկելու ռեսուրսներ չունեն. Նազարյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին
Տնտեսություն
11:28 19/09/2015

Հավանաբար մտածել են, որ վիճակը շտկելու ռեսուրսներ չունեն. Նազարյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերն իրենք են որոշում` ինչպես վարվել իրենց ընկերության հետ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` մեկնաբանելով «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից ՀԷՑ-ը օտարելու մասին որոշումը:

Մեր հարցին, թե ճի՞շտ որոշում էր ՀԷՑ-ն օտարելու մասին որոշումը, Նազարյանը հստակ գնահատական չտվեց, ուղղակի նկատեց. «Մի բան ակնհայտ էր` վերջին տարիներին այս ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում անարդյունավետ կառավարում էր իրականացնում: Ենթադրում եմ` մտածել են, որ այնպիսի ռեսուրսներ չունեն վիճակը շտկելու ու նման քայլի են դիմել»:

Կառավարությունը հաստատել էր «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը օտարելու մասին: Այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում:

Նազարյանն ասաց, որ ինքը ոչինչ չգիտի նոր ընկերության մասին:

«Մենք կփորձենք ուսումնասիրել, կպարզենք ու կարծում եմ` առաջիկայում հանրությունը տեղյակ կլինի մանրամասների մասին», -հավելեց ՀԾԿՀ նախագահը:

Նրա ներկայացմամբ, կառավարությունն ուսումնասիրելու է ՀԷՑ-ի առուվաճառքի պայմանագիրը ու համապատասխան դիրքորոշում հայտնի:

«Չի կարող մեր նման աշխարհաքաղաքական դիրք ունեցող երկիրը, որը չորս կողմից թշնամիներով է շրջապատված, հանկարծ վաճառվի ադրբեջանական կապիտալ ունեցող մի հատ ընկերության, կամ թուրքական մի ընկերության: Բացի այդ, «Սեփականաշնորհման մասին» օրենքով, բավականաչափ լուրջ պայմաններ են առաջադրված, պետք է հասկանանք, որ այս նոր գնորդը այդ ամբողջ ունեցվածքի իրավահաջորդն է դառնալու», -հավելեց Նազարյանը:

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկությանը, թե ՀԷՑ-ի համասեփականատերեր են լինելու գործարարներ Սամվել Կարապետյանը, Հարություն Փամբուկյանը և Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Նազարյանն ասաց, որ այդ մասին ինքը ոչ մի տեղեկություն չունի:

Placeholder
Հավանաբար մտածել են, որ վիճակը շտկելու ռեսուրսներ չունեն. Նազարյանը` ՀԷՑ-ի վաճառքի մասին