«Հիշատակի ժառանգություն». Եվրոպական ժառանգության օրեր՝ Հայաստանում
Մշակույթ
18:53 23/09/2015

«Հիշատակի ժառանգություն». Եվրոպական ժառանգության օրեր՝ Հայաստանում

Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություն­ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:  Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից: 

Եվրոպայի Խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի Խորհուրդ–Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:

Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:

Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015 թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիր­ված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրի հայկական գաղթoջախներում վեր են խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշակոթողներ, հուշաղբյուրներ, ստեղծվել են թեմատիկ թանգարաններ, գիտահետազոտական, կրթական հաստատություններ, որոնք հայ ժողովրդի պատմական հիշողության, սեփական պատմության նկատմամբ հարգանքի և մոռացության դեմ պայքարի վառ դրսևորում են, հավաստումը՝ նրա ապրելու, արարելու կամքի:

Եվրոպական ժառանգության օրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ծրագրի պաշտոնական կայքէջում:

Placeholder
«Հիշատակի ժառանգություն». Եվրոպական ժառանգության օրեր՝ Հայաստանում