Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գինի արտադրող ընկերությունները խաղողի մթերման հետ կապված խնդիրներ ունեն. Վազգեն Սաֆարյան
Խաղողի մթերման աշխատանքները թեև նորմալ ընթանում են, սակայն գինու արտադրության համար մթերվող խաղողի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Մթերման հետ կապված խնդիրը, ըստ նրա, կապված է ֆինանսական միջոցների բացակայության հետ. «Գինի արտադրողները ռուսական շուկայում իրացման հետ կապված դժվարություններ են ունեցել: Մայիսին ռուսական շուկա 3,5 մլն դոլարի ապրանք է արտահանվել և այսօր նրանք շրջանառու միջոցների պակաս ունեն, ուստի չեն կարողանան մթերում կազմակերպեն»,- նշեց նա:
Նրա խոսքերով, որպեսզի ընկերությունները խաղող մթերեն, դրա համար պետք է վարկ վերցնեն: Սակայն Վ.Սաֆարյանը գտնում է, որ ՀՀ կառավարությունը այս հարցում պետք է աջակցի մթերող ընկերություններին:
«Թեև կառավարությունն այդ վարկերը որոշ չափով սուբսիդավորում է, բայց պետք է այնպես կազմակերպի ամբողջ գործընթացը, որպեսզի ոչ գյուղացին, ոչ էլ մթերողները չտուժեն: Իհարկե գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, որ չմթերված խաղող այգիներում չի մնալու, հիմա տեսնենք, թե ինչպես այդ ամբողջ գործընթացը կընթանա»,- ասաց Վ.Սաֆարյանը՝ հավելելով, որ այն ընկերությունները, որոնք ցանկանում են խաղող մթերել, բայց գումար չունեն, ապա պետությունը պետք է նրանց գումար տրամադրի:
Անդրադառնալով վարունգի մթերմանը, Վ.Սաֆարյանն ասաց, որ այս դեպքում նույնպես մթերողները կանգնել են խնդրի առաջ. գումար չունեն. «Դրա համար պետություն-մասնավոր համագործակցությունը պետք է իրականություն դառնա: Պետք է ճկուն լինեն, որպեսզի ոչ գյուղացին, ոչ մթերող ընկերությունը, ոչ էլ կառավարությունն այս ամենից չտուժի»:
Նշենք, որ Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիները տասնյակ տոննա վարունգ են նետում աղբանոց՝ չգտնելով իրացման ոչ մի հնարավորություն:
Դիտարկմանը, թե արդյոք այս ամենը չի հանգեցնի նրան, որ գյուղացիները հրաժարվեն վարունգի մշակումից, Վ.Սաֆարյանն ասաց, որ նման մտավախություն միշտ էլ կա: Ըստ նրա, եթե գյուղացին տեսնում է, որ մի տարի կարտոֆիլը առատ է լինում, ապա հաջորդ տարի ավելի քիչ է մշակում, ինչից հետո արդեն կարտոֆիլի դեֆիցիտ է լինում:
«Նույնը կարող է վարունգի հետ լինի և հաջորդ տարի ավելի քիչ վարունգ ունենանք: Շուկայական հարաբերություններ են, մեկ լինում է գերարտադրություն, մեկ՝ նվազում: Շուկան ինքնակարգավորման մեխանիզմներ չունի, դրա համար շուկային բնորոշ են և լճացումները, և ճգնաժամերը»,- ասաց Վ.Սաֆարյանը: