Ս. Գևորգ զորավարի տոնը կնշվի ԱՀԹ եկեղեցիներում
Հասարակություն
15:19 25/09/2015

Ս. Գևորգ զորավարի տոնը կնշվի ԱՀԹ եկեղեցիներում

Սեպտեմբերի 26-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Ս. Գևորգ զորավարի տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ կմատուցվի նրա անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում Ս. Գևորգի անունը կրող չորս եկեղեցի կա ՝ Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում և Կանաչուտում: Այս մասին հաղորդում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

ԱՀԹ Մասիսի Ս. Գևորգ եկեղեցի. Տոնի նախօրեին՝ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն և կընթերցվի Ս. Գևորգի վկայաբանությունը: Նույն օրը՝ ժամը 21.00-22.30 եկեղեցում կկատարվի Հսկման արարողություն:

Տոնի օրը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 10.00-ին, հավատացյալները Մասիս քաղաքի հրապարակից Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի գլխավորությամբ Խաչվառի, Ս. Գևորգին խորհրդանշող ձիավորի և թմբուկների ուղեկցությամբ կքայլեն դեպի եկեղեցի: Այստեղ տոնական Ս. Պատարագը կմատուցի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:

Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա ցուցահանդես- վաճառք. Մասիսի գեղարվեստի դպրոցի սաները կներկայացնեն Ս. Գևորգին նվիրված իրենց աշխատանքները: Լավագույն ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն, իսկ վաճառքից ստացված գումարը կնվիրաբերվի համայնքի սոցիալապես անապահով զինվորի կամ ազատամարտիկի ընտանիքի: Այս օրը եկեղեցու բակում սիրո ճաշ կմատուցվի եկեղեցու Ջրօրհնեքի խաչի քավոր Գևորգ Աղասյանի բարերարությամբ:

ԱՀԹ Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցի. Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, Նորագավիթի Ս.Գևորգ եկեղեցի կբերվի «Ոսկեկող Ավետարանը», որը եկեղեցում կմնա մինչև ժամը 18.00: Հավարտ Ս. Պատարագի կօրհնվի Նորագավիթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքը: Եկեղեցու կողմից ներկաներին կբաժանվի Ս. Գևորգի սրբապատկեր-մագնիսներ: Ավանդույթի համաձայն համայնքի անդամները մատաղի հյուրասիրություն կկազմակերպեն: Նորագավիթի մշակույթի տան սաների մասնակցությամբ բակում տոնախմբությամբ կնշվի սրբի տոնը:

ԱՀԹ Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցի. Սեպտեմբերի 26-ին Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում կկազմակերպվի մատաղի հյուրասիրություն և համերգային ծրագիր. ելույթ կունենա «Մուշ» պարային խմբը: Եկեղեցու երիտասարդաց միության անդամները Ս. Գևորգի մասին պատմող թեթոններ կբաժանեն:

 ԱՀԹ Կանաչուտի Ս.Գևորգ եկեղեցի. Կանաչուտի Ս.Գևորգ եկեղեցում կպատարագի եկեղեցու խորհրդակատար Տ. Թադեոս քահանա Թադևոսյանը: Հավարտ Ս. Պատարագի կլինի մատաղի հյուրասիրություն և միջոցառում Կանաչուտի դպրոցի երեխաների մասնակցությամբ:

Placeholder
Ս. Գևորգ զորավարի տոնը կնշվի ԱՀԹ եկեղեցիներում