Թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է` դադարել են
Հասարակություն
10:05 25/09/2015

Թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է` դադարել են

Տավուշի մարզի Բերդավան ու Պառավաքար գյուղերում թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է՝ դադարել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին համայնքապետերը:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ բացի մարդկային զոհերից, հակառակորդի կրակոցներից նաև տներ են վնասվել:

«Հիմա շրջում ենք գյուղում, հաշվում պատճառած վնասները»,-ասաց Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում հակառակորդի կրակոցներից երկու կին է զոհվել: Տավուշի մարզի Պառավաքար գյուղում էլ հակառակորդի կրակոցներից մահացել է 1932 թ-ին ծնված Պայծառ Աղաջանյանը:

Ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց,  որտեղ մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Նախորդող հրապարակում`
Ոչնչացվել է Պառավաքարի դիմաց գտնվող ադրբեջանական հենակետը

Placeholder
Թշնամու կրակոցներն արդեն մի քանի ժամ է` դադարել են