Նալբանդյան. Այս սադրանքը Ադրբեջանի արձագանքն է միջնորդների արդյունավետ բանակցությունների ակնկալիքին
Քաղաքական
10:06 25/09/2015

Նալբանդյան. Այս սադրանքը Ադրբեջանի արձագանքն է միջնորդների արդյունավետ բանակցությունների ակնկալիքին

Սեպտեմբերի 24-ի երեկոյան աշխատանքային այցելությամբ Նյու Յորք ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և Պիեռ Անդյոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։

«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարևոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակը սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետևանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։

Հանդիպմանը քննարկվել են իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։

Placeholder
Նալբանդյան. Այս սադրանքը Ադրբեջանի արձագանքն է միջնորդների արդյունավետ բանակցությունների ակնկալիքին