ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է
Քաղաքական
10:50 28/09/2015

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է

Այսօր Ստասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կտևի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը։ Նստաշրջանի օրակարգում առաջնային են լինելու Եվրոպայում միգրացիոն և փախստականների ճգնաժամին մարդասիրական և քաղաքական պատասխանի վերաբերյալ քննարկումները։

Տեղի կունենան նաև քննարկումներ հանրային առողջության և դեղագործական արդյունաբերության շահերի, ժողովրդավարական հասարակությունում կրոնի ազատության և համատեղ ապրելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ։

Վեհաժողովում հանդես կգա Լյուքսեմբուրգի Մեծ Դուքսը, ինչպես նաև Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Բոսնիա և Հերցեգովինայի նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիկը։

Որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող՝ Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարը խորհրդարանականներին կներկայացնի կոմիտեի աշխատանքը։ ԵԽԽՎ-ում հանդես կգա նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

ԵԽԽՎ-ն կընտրի նոր գլխավոր քարտուղար՝ 5 տարի ժամկետով։ Տեղի կունենա նաև Վացլավ Հավելի մրցանակի հանձնման արարողություն։
 

Placeholder
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է