Արվեստաբան. Նման մարդիկ հրթիռ են այսօրվա հասարակ մարդկանց ուղեղում, մենք՝ հին սայլեր
Մշակույթ
09:15 06/10/2015

Արվեստաբան. Նման մարդիկ հրթիռ են այսօրվա հասարակ մարդկանց ուղեղում, մենք՝ հին սայլեր

Արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյան… Ջավախք, Երևանի մանկավարժական համալսարանի նկարչության բաժին, խորհրդային բանակ, տարբեր խմբագրություններում խմբագիր, տարբեր թանգարաններում գիտաշխատող, 1993-2000 թթ.` Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն, 2000 թվականից՝ ղեկավարում է Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը:  Իր հեղինակած գրքերում, ալբոմներում («Հայաստանի պետական պատկերասրահ» 1984թ. Պետերբուրգ, «Ավրորա» (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն), «Գևորգ Բաշինջաղյան», 1985 թ. , Երևան, «Գույն, Նշան , Գիր», 2002 թ. , Երևան, «Վարդգես Սուրենյանց», 2003 թ., Երևան, «Հակոբ Կոջոյան», 2009 թ., Երևան և ուրիշներ) արվեստաբանը փորձում է մեր կերպարվեստի մեծագույն հեղինակներին բացահայտել մինչ այդ անհայտ կամ այլ արվեստաբանների ու արվեստասերների աչքից վրիպած տեսանկյուններից: Նա նաև նկարում է:

Panorama.am-ի զրուցակիցն է արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանը:

-Պարոն Միքայելյան, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք մասնակցել ցուցահանդեսների:
- 1966 թվականին, երբ վերադարձա բանակից, տեսա, որ Մարտին Պետրոսյանի, Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Վիգեն Թադևոսյանի նկարների շարքում ես կարևոր բան չեմ կարող ավելացնել և զբաղվեցի արվեստաբանությամբ: Սակայն հասկացա, որ միայն արվեստաբանությամբ դժվար է Հայաստանում երգ երգել, խոսք ասել: Հայերը պետք է անպայման մի բան անեն, քանի որ շինարար ժողովուրդ ենք: Փորձեցի իմ նկարները նույնպես ցուցադրել և տեսա, որ ուշադրության արժանանում են: 2012 թվականին ունեցա անհատական ցուցահանդես: Բայց նախընտրում եմ մասնակցել խմբակային ցուցահանդեսների:

-Ժամանակակից հայ կերպարվեստն ինչպե՞ս կգնահատեք:
-Ճիշտ է, մենք զարգացած երկրներից չենք, բայց մեզանում կատարվում է նույնը, ինչ ամբողջ աշխարհում: Իսկապես, գոյություն ունի մի արվեստ, որը նախատեսված է մարդու հոգևոր պահանջմունքների համար: Դժբախտաբար, դա շատ քիչ է ամբողջ աշխարհում: Ամբողջ աշխարհում հիմնականում հաղթում է այն, ինչ որ կյանքը պահանջում է: Գերմանացիները ժամանակին դա անվանեցին կիչ, այնուհետև ի հայտ եկավ գլամուր տերմինը: Նման է ֆաստֆուդին: Տարածված է ամբողջ աշխարհում: Դեռևս 1930-ական թվականների վերջին Կլեմենթ Գրիմբերգը մի հոդված է գրել «Ավանգարդը և կիչը»: Կիչն ու արվեստն իրար սահմանակից են, հեռու չեն իրարից: Լավ նկարիչներն այդ կիչի միջով են անցնում: Կիչը շատ մեծ թափ է ստացել, հաղթական, ամբողջ աշխարհը գրավել է, մեռնելու ոչ մի ցանկություն չունի, ընդհակառակը՝ ծաղկում է: Արվեստագետների մեծամասնությունն անցնում են կիչի միջով, քանի որ ժողովուրդը շատ սիրում է կիչը, այսինքն այն, ինչ որ իրենց պահանջմունքները բավարարում է: Իսկ իրենց պահանջմունքը մոտավորապես նման է բնակարան, մեքենա, հագուստ ունենալուն, լավ կոշիկ հագնելուն: Բայց պետք չէ մեղադրել հասարակությանը: Դա բնական երևույթ է: Աշխարհում շատերին չի հետաքրքրում մաքուր արվեստը և զուտ փիլիսոփայությունը: Դեռևս Օսկար Ուայլդն էր ասել, որ մաքուր արվեստը բոլորովին անպետք է: Այնպես որ զարմանալ պետք չէ, որ մեր «նշանավոր» առանձնատներում «պետքական» նկարներ են ցուցադրվում:

-Կարելի՞ է ենթադրել, որ Մարտին Պետրոսյանի, Մինաս Ավետիսյանի արվեստն էլ կիչ է:
-Նրանց արվեստը նույնպես, ներառյալ Մարտիրոս Սարյանի, հատկապես վերջին շրջանի, կիչի հետ առնչվում է: Ոչ ոք չի կարողացել շրջանցել: Շատ դժվար է, քանի որ եթե նրանք դրան չառնչվեին, սովամահ կլինեին: Պետք է քո նկարչությունը հասարակական պահանջմունք ունենա, որ առաջ գնա: Հիմնականում հենց կիչ նկարներն են շուկային հետաքրքրում:

- Հայաստանյան այսօրվա պայմաններում հնարավո՞ր է լավ արվեստ ստեղծել:
-Հայաստանի պայմանները մշակույթի ասպարեզում փոխվել են ոչ թե քիչ, այլ շատ: Առաջ պետական կիչ էր, պետական պատվերներ կային, բայց ստեղծագործողն արվեստի վիճակի մեջ էր: Պետությունը պահում էր արվեստագետներին: Հիմա շատ դժվար է, մի քիչ էլ անհասկանալի վիճակ է: Խորհրդային շրջանում ունեինք այնպիսի նկարիչներ, ովքեր պահում էին մեր հոգևոր կյանքը: Այսօր նրանց հանդեպ ոչ մի հետաքրքրություն չկա, նրանց ոչ էլ ճանաչում են:

-Ովքե՞ր են այսօր մեր հոգևոր կյանքը պահողները: Կա՞ն այդպիսի մարդիկ:
-Շատ հետաքրքիր երիտասարդ նկարիչների եմ նկատել: Նրանցից մեկը, որով ես ոգևորվեցի, հիմա ենթարկված է համաշխարհային շուկայի պահանաջներին և այսօրվա նրա նկարներն ավելի վաղ ստեղծած նկարների համեմատությամբ օտար ստեղծագործություններ են: Ես խորին համակրանք ունեմ Մարինե Դիլանյանի, Տարոն Մուրադյանի հանդեպ: Նրանք Հայաստանում իրենց զգում են ինչպես Լոնդոնում կամ Նյու Յորքում: Երկուսն էլ տաղանդավոր են, համաշխարհային մակարդակ ունեն: Կարծում եմ՝ Հայաստանում երկու նկարիչ չափազանց կարևոր են: Նկատի ունեմ Արման Գրիգորյանին, Նարեկ Ավետիսյանին: Նրանք, անկասկած, մեծ հնարավորություններ ունեցող անհատականություններ են: Թեև նրանց որոշ գաղափարների նայում եմ ժպիտով, բայց խորին հարգանքով: Մեր հայ գեղանկարչությունը կունենա շարունակություն: Անպայման: Մեր տեսակն անհասկանալի է: Ուրիշ մեկը լիներ՝ կասեր կորանք, պատերազմի սպառնալիք կա: Բայց արի ու տես, որ հայերի ստեղծագործ ոգին փյունիկի նման է:

-Պարոն Միքայելյան, որքանո՞վ է հայ արվեստը մրցունակ Հայաստանից դուրս:
-Եթե մենք կարող էինք ասել, թե ինչ բան է 1905 թվականի միջազգային մակարդակը մշակույթում, կարող էինք ասել 1960-ական թվականների համար, այսօր չենք կարող ասել: Ես չգիտեմ՝ մեր վերոհիշյալ նկարիչների նման պոտենցիալ ունեցող արվեստագետներն արդյո՞ք շատ են և կարո՞ղ են մրցել եվրոպական ցանկացած երկրում թմբակահարված մեկի հետ: Համաշխարհային շուկան անհասկանալի բան է դարձել: Այսօր արվեստի միջազգային շուկայի թագավորը, ամենահարուստ մարդը Դամիան Հերստն է: Նա նկարիչ է, բայց միայն նկարելով չես կարող այդպես հարստանալ: Նրա դեպքում ի՞նչ մրցունակության մասին է խոսքը: Ինքը նկարում էր ինչպես Ֆրենսիս Բեկոնը: Միջազգային շուկայի օրենքներն շատ լավ իմացող մի կոլեկցիոներ նրան ասել էր, որ միանգամից ուշադրության գրավելու համար պետք է այլ բան անել: Նա դրանից հետո ցուցադրեց շնաձկան կմախք՝ որպես արվեստի գործ:  Նման մարդիկ հրթիռ են այսօրվա հասարակ մարդկանց ուղեղում, մենք՝ հին սայլեր: Մենք հետամնաց ենք: Մարդու ճաշակը մարդու ձեռքում է, բայց ճաշակի վրա ազդում է նորաձևությունը, ֆիլմերը, որոնք կիչ ու գլամուր են: Աշխարհի բոլոր հեռուստածրագրերը կիչ են: Այսօրվա ֆոնին ինձանից խորին կարեկցանք են կորզում Միսաք Մեծարենցի, Պետրոս Դուրյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի և համաշխարհային պոեզիայի ու արվեստի ռոմանտիկ ուղիներով ընթացող մարդիկ, ովքեր ապրում են իսկական մշակույթով, այսինքն՝ գեղեցիկ կյանքով:

-Ինչքանո՞վ կարող է Հայաստանում քննադատությունը նպաստել արվեստի զարգացմանը:

-Հայաստանում երբևէ արվեստի քննադատությունը չի օգնել արվեստի զարգացմանը: Չգիտեմ՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար: Մինչդեռ որոշ երկրներում քննադատությունը նպաստել է արվեստի զարգացմանը:
Ժամանակին պաշտոնական արվեստաբանությունը մեղադրում էր արվեստաբան Հենրիկ Իգիթյանին Մինաս Ավետիսյանին «ուղղուց շեղելու համար»՝ առանց հասկանալու, որ նրանք ընկերներ են, և եթե կուզեք իմանալ, արվեստաբանն էր ենթարկված նկարչի տրամաբանությանը և ոչ հակառակը: Նրանք հայտարարում էին, թե իբր Մինասը նկարում է ոչ թե հայերի, այլ թաիթցիների, քանի որ, ըստ նրանց, Գոգենից էր ազդվել: Գտնում էին, որ Գոգենը գնացել էր Թաիթի կղզի, այնտեղից էր ազդվել: Բայց ասեմ, որ Գոգենը նախքան Թաիթի գնալն էլ այդ գունային հարաբերություններն ուներ: Մարտիրոս Սարյանը նախքան Կոստանդնուպոլիս, Եգիպտոս գնալն էր արդեն վառ գույներ օգտագործում: Եթե չգնար Եգիպտոս, այլ գնար Ապարան, նույն նկարչությունը կաներ:

-Այսօրվա երիտասարդ ստեղծագործողներն ինչպե՞ս են ընդունում քննադատությունը:
-Հետաքրքիր որևէ քննադատ չկա: Բոլորն իրար ընկերներ են: Վերջերս շատ լավ գիրք է լույս տեսել՝ Վարդան Ազատյանի «Արվեստաբանություն և ազգայնականություն»: Կցանկանայի կարդալ այդ գիրքն այն ժամանակ, երբ ուսանող էի: Այն զարգացնում է մեր այսօրվա մշակույթը: Թեև հեղինակն իր գիրքում քննադատել է նաև ինձ, բայց չեմ կարող չասել՝ շատ լավ գիրք է, չէի սպասում, որ այդպիսի աշխատություն կկարդամ Հայաստանում:

-Պարոն Միքայելյան, թանգարան այցելողները շա՞տ են:
-Քիչ են: Միայն մի քանի թանգարան կա՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Փարաջանովի տուն-թանգարան, Հայաստանի Պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, ուր մարդիկ այցելում են: Այսօր մարդը ձգտում է անսովոր բաների, օրինակ՝ ուզում են տեսնել Մադամ Տյուսոյի թանգարանի մոմե արձանիկները: Աշխարհում ամենաշատ այցելուն ունի ԱՄՆ տիեզերագիտության և տիեզերագնացության թանգարանը:

Placeholder
Արվեստաբան. Նման մարդիկ հրթիռ են այսօրվա հասարակ մարդկանց ուղեղում, մենք՝ հին սայլեր