Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերանորոգումից հետո կունենանք մայր թատրոնին հարիր բեմահարթակ. Ա. Էլբակյան
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դռները մի քանի ամիս փակ կլինեն. մայր թատրոնում սկսվել են վերանորոգման աշխատանքները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վերանորոգվելու է բեմը, նստարանները, հատակը, տեղադրվելու է ձայնային, լուսային նոր տեխնիկա: Ըստ նրա, նախատեված է վեց ամսում ավարտել աշխատանքները, բայց վերջնաժամկետը չէ, քանի որ կողքից այլ աշխատանքներ էլ կան անելու: Վերանորոգման աշխատանքները կատարում են ավստրիացիները:
Մինչ թատրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ, այդ ընթացքում թատրոնի ներկայացումները կկայանան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ա. Էլբակյանն ասաց, որ ամիսը չորս ներկայացումով հանդես են գալու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Միաժամանակ, ըստ նրա, աշխատելու են նոր ներկայացումների վրա, ինչպես նաև արդեն խաղացանկում եղած ներկայացումները համապատասխանեցնելու են բեմի նոր հնարավորություններին:
«Վերանորոգման աշխատանքներից հետո, եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի լինի, կունենանք ժամանակակից թատրոններին համապատասխան հնարավորություններ, մայր թատրոնին հարիր բեմահարթակ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին կառավարությունը որոշում էր ընդունել արտոնյալ պայմաններով 7 միլիոն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգելու համար: ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական Վաագներ-Բիրո կոնսորցիումի միջև նախատեսվում էր կնքել 7 մլն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր 23 տարի մարման ժամկետով: