Կրճատելով ծախսերը՝ հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից. Սամվել Կարապետյան
Քաղաքական
11:02 16/10/2015

Կրճատելով ծախսերը՝ հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից. Սամվել Կարապետյան

«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար»: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռքբերման կապակցությամբ  արած հայտարարության մեջ ասել է «Տաշիր» ընկերությունների Խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Հայտարարության մեջ, որը տեղադրված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի պաշտոնական կայքում, ասված է. 

«Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։

Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների Խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:

«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ:

Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:

Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը:

Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար»:

Նախորդող հրապարակումներ՝
«Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք». ՀԷՑ-ի վաճառքի մասին
ՀԾԿՀ-ն միաձայն քվեարկությամբ թույլ տվեց վաճառել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը
«Տաշիր» Գրուպը և «Ինտեր ՌԱՈ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել

Placeholder
Կրճատելով ծախսերը՝ հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից. Սամվել Կարապետյան