Աշոտյան. Մասնավոր հատվածից մեր իրական ակնկալիքները ներդրումներն են
Կրթություն, գիտություն
13:15 19/10/2015

Աշոտյան. Մասնավոր հատվածից մեր իրական ակնկալիքները ներդրումներն են

Երկար տարիներ միջին մասնագիտական կրթության ոլորտը թերագնահատված է եղել: Այս մասին այսօր հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Համաշխարհային հմտություններ» մրցույթի շրջանակում ՀՀ մասնավոր հատվածի և ՄԿՈՒ ոլորտի համագործակցության լավագույն փորձի ներկայացման ժամանակ:

«Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ առանց այս ոլորտի որակյալ կրթական ծրագրերի անհնար է պատկերացնել մեր երկրի իրական տնտեսական զարգացումը: Եվ այս զարգացումը դժվար կլիներ` առանց միջազգային կառույցների աջակցության»,-ասել է Աշոտյանը:

Նախարարի խոսքով, ոլորտի վերակենդանացումը սկսվել է 2007-2008 թթ. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շնորհիվ, որին միացել են մի շարք խոշոր միջազգային կառույցներ:

«Համաշխարհային հմտություններ» մրցույթն այս առումով մեզ համար հերթական հանգրվանն է: Ոլորտում մենք մեծ ակնկալիքներ ունենք նաև մասնավոր հատվածից, առանց որի չի կայանա ոչ միայն «Համաշխարհային հմտություններ» շարժումը, այլ ՄԿՈւ ոլորտն առհասարակ»,-ասել է նախարարը:

Աշոտյանն ընդգծել է, որ իրականում կրթության ոլորտը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է:

«Մասնավոր հատվածի մասնակցությամբ յուրաքանչյուր ծրագիր ամենալավ ներդրումն է մարդկային կապիտալի զարգացման, ավելի լավ տնտեսության և հասարակության հեռանկար ունենալու գործում: Ուստի, մենք պատրաստ ենք ընդլայնել մեր համագործակցության դաշտը միջազգային կառույցների և մասնավոր հատվածի հետ` ապահովելով ոլորտի եթե ոչ սրընթաց, ապա հետևողական զարգացումը»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Placeholder
Աշոտյան. Մասնավոր հատվածից մեր իրական ակնկալիքները ներդրումներն են