Հայաստանը չպետք է հապաղի, քանի որ լրջագույն ռազմական վտանգների առջև է կանգնած. Արա Պապյան
Քաղաքական
13:55 20/10/2015

Հայաստանը չպետք է հապաղի, քանի որ լրջագույն ռազմական վտանգների առջև է կանգնած. Արա Պապյան

Սիրիայում հակամարտությունն ավելի ընդլայնվում և խորանում է, Ռուսաստանի ուղղակի միջամտությունը հակամարտությանը որակապես այն փոխեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ ռուսական զինուժի միջամտությունը Սիրիայի տարածքում կարճաժամկետ առումով լավ է, քանի որ այն կբերի և՛ իսլամիստների, և՛ հակաասադական ընդդիմության թուլացմանը։ Բայց մյուս կողմից էլ Արևմուտքը կողմնակից է հակաասադական ընդդիմությանը, որի դեմ էլ առաջին հերթին պայքարում է Ռուսաստանը։

«Ռուսաստանը ջախջախելով հակաասադական ընդդիմությանը Արևմուտքին ընտրություն չի թողնում, այսինքն՝ Արևմուտքը ստիպված կլինի Ասադի ու իսլամիստների միջև ընտրել Ասադին։ Հայաստանի համար ևս Ասադն ավելի ընդունելի է իր բոլոր թերություններով հանդերձ։ Առաջին հերթին նրա համար, որ նա աշխարհիկ ղեկավար է և կրոնական քաղաքականություն չի իրականացնում: Բացի այդ, նա փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի նկատմամբ միշտ լավ վերաբերմունք է ունեցել»,-նշեց Արա Պապյանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանին կհաջողվի որոշակի պարտության մատնել ընդդիմությանը, բայց, ցավոք սրտի, Ռուսաստանին Սիրիայի հարցում չհաջողվեց լեզու գտնել Արևմուտքի հետ: Ա.Պապյանի կարծիքով՝ սա կհանգեցնի նրան, որ Արևմուտքը նոր զինատեսակներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրի Սիրիայի ընդդիմությանը:

«Մեծ վտանգ կա, որ Ռուսաստանի համար այս հակամարտությունը կարող է դառնալ Աֆղաստան-2 տարբերակը»,- ասաց Արա Պապյանը:

Իսկ թե ստեղծված իրավիճակը որքանով կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա` վերլուծաբանը նշեց. «Ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս ապրում են իրենց ոչ լավագույն շրջանը, էական լարվածություն կա, քանի որ Թուրքիան առաջին տուժողներից մեկն է ռուսական միջամտությունից: Թուրքիան հստակ հակասադական դիրքորոշում ունի»:

Արա Պապյանի խոսքերով՝ այս իրավիճակն անուղղակի կերպով կարող է անդրադառնալ նաև Ղարաբաղյան հակամարտության վրա: Ըստ նրա՝ Թուրքիան, ունենալով խնդիրներ Սիրիայի ճակատում, ինչպես նաև երկրի ներսում, քիչ հավանական է, որ կմիջամտի Ղարաբաղի համամարտությանը:

«Եթե խորանա ռուս-թուրքական հակամարտությունը, կարծում եմ, որ ռուսները կակտիվացնեն Թուրքիայի ներսի խնդիրները: Նույնիսկ եթե Ռուսաստանը շահագրգռված լինի, ապա կարող է քաղաքական քաոսի մեջ ներքաշել այդ երկրին»,- մանրամասնեց Արա Պապյանը:

Փորձագետը նշեց նաև, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի. «Հայաստանը չպետք է հապաղի, քանի որ լրջագույն ռազմական վտանգների առջև է կանգնած, իսկ իշխանությունների կողմից համարժեք մոտեցում տեսանելի չէ»:

Թուրքիայի օդային ուժերի կողմից հայկական օդային սահմանը վերջերս խախտելու փաստը փորձագետը ևս պատահական չհամարեց: Նա նաև զարմանալի է համարում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չարձագանքեց այս փաստին, մինչդեռ սա ոչ թե ռազմական, այլ քաղաքական հարց է:

Placeholder
Հայաստանը չպետք է հապաղի, քանի որ լրջագույն ռազմական վտանգների առջև է կանգնած. Արա Պապյան