Մեկնարկում է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի գործով դատական քննությունը
Իրավունք
18:13 21/10/2015

Մեկնարկում է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի գործով դատական քննությունը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 22-ին կայանալիք դատական նիստում կմեկնարկի իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվելու գործի քննությունը:

Դատական նիստում Սողոմոն Քորչարյանին կներկայացնի Փաստաբանների պալատի փաստաբան Գրիշա Բալասանյանը: Նա Panorama.am-ին տեղեկացրեց, որ Սողոմոն Քոչարյանը դիմում է ներկայացրել դատարանին, որ իր առողջական վիճակը վատ է, և դատական նիստը անցկացնեն առանց իր ներկայության:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Քոչարյանի գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

«Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը ծանր է, չի կարողանում տեղաշարժվել», -նշեց Բալասանյանը:

Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 8-ի նիստում միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել. եզրակացությունն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Սողոմոն Քոչարյանը 20 տարի է` անազատության մեջ է, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է սրտի իշհեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշհեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անևրիզմա, կանգային թոքաբորբ: Կառավարության համապատասխան որոշմամբ նման հիվանդությունների դեպքում դատապարտյալը ենթակա է պատժից ազատման:


 

Placeholder
Մեկնարկում է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի գործով դատական քննությունը