Բուֆետներում հայտնաբերված թերությունների համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր
Մեկնաբանություններ
12:42 21/10/2015

Բուֆետներում հայտնաբերված թերությունների համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 156 հանրակրթական ուսումնական հաստատությունների բուֆետների և ճաշարանների վիճակի և մատակարարվող սննդի որակի ապահովման ուղղությամբ ուսումնասիրություններ կատարելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, հանրակրթության վարչության և հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից համատեղ կազմակերպվել են շրջայցեր:

«Ուսումնասիրությունների ընթացքում հիմնականում թերություններ են հայտնաբերվել Աջափնյակ, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների դպրոցներում: Դպրոցական 17 բուֆետներ ունեն ընթացիկ վերանորոգման կարիք, ինչպես նաև որոշ բուֆետներ անհրաժեշտ է համալրել գույքով և սարքավորումով»,-ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ Panorama.am-ի հարցերին ի պատասխան հայտնեցին քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունից:

Գրավոր պատասխանի համաձայն, արձանագրված թերությունները վերացնելու նպատակով տրվել էր 10-օրյա ժամկետ:

«Այն լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից կրկին իրականացված ուսումնասիրությունների և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ թերությունների զգալի մասը մատակարարների կողմից վերացվել էր, իսկ մնացած աշխատանքները նպատակահարմարությունից ելնելով կատարվելու են ս/թ հոկտեմբերի 3-րդ տասօրյակի ընթացքում՝ դպրոցական արձակուրդների օրերին»,-հայտնում են քաղաքապետարանից:

Ո՞ւմ մեղքով են եղել թերությունները, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել նրանք:

«Նկատի ունենալով, որ իրականացված ուսումնասիրությունների ընթացքում լուրջ թերություններ չեն հայտնաբերվել և դրանց մի մասն արդեն վերացվել են, ուստի պատասխանատվության ենթարկվածներ չեն եղել»,-պատասխանել են քաղաքապետարանից:

Պայմանագրերի խզման դեպքեր ևս չեն եղել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դպրոցական բուֆետների վերանորոգման, դրանք անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և այլ պարագաներով համալրելու, մատակարարվող սննդի որակը բարելավելու ուղղությամբ կատարվել են բավականին դրական աշխատանքներ, ուստի նախորդ երկու տարիներին և ընթացիկ տարվա ընթացքում պայմանագրեր չեն խզվել»:

Նախօրեին քաղաքապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի, անվտանգության, սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում են ստուգայցերը: Քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կատարված ստուգումների ադյունքում սննդի որակի, պահպանման պայմանների և ժամկետների վերաբերյալ խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթական դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում:

Ավելի վաղ Panorama.amահազանգել էր, որ դպրոցներում վաճառում են արգելված սնունդ՝ չիփսեր ու գազավորված ըմպելիք:

Նախորդող հրապարակում՝
Բախշյանի հարցը. Դպրոցներում մատակարարվող սնունդը ոչ մեկի կողմից չի վերահսկվո՞ւմ

Placeholder
Բուֆետներում հայտնաբերված թերությունների համար ոչ պատժվածներ կան, ոչ էլ խզված պայմանագրեր