Երևանում տեղադրված հեծանվային կանգառների առեղծվածը (լուսանկարներ)
Հասարակություն
09:11 22/10/2015

Երևանում տեղադրված հեծանվային կանգառների առեղծվածը (լուսանկարներ)

Երևանի կենտրոնական փողոցներում տեղադրված հեծնավային կանգառների տեսքն ու ձևը դժգոհություն են առաջացրել որոշ ճարտարապետների ու քաղաքացիների շրջանում:

«Քաղաքապետարանի կողմից տեղադրված այս հրաշալի հեծանվակայանի դիզայնը անդրադարձ է 1970-1990 ականներին ինքնուս անանուն վարպետների ստեղծած երևանյան բակային ժողովրդական զրուցարանների թեմային»,-ֆեսբուքյան իր էջում գրել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը (  Arsen Shur Karapetyan ):

Նրա գրառման տակ նման կարծիք են հայտնողնել նաև այլ օգտատերեր, իսկ քաղաքացիներից մեկն էլ նկատել է. «Պրակտիկ չի, նույնիսկ վատ է: Հեծանիվի առաջնամասը կամ հետնամասն է ամրացվում: Մնացածը մնում է դրսում «կախված» ու կարող է վնասվի հարվածից: Ես նախնտրում եմ սյունին կապել կամ լավ ստենդի, որը պահպանում է ամբողջ հեծանիվ:
Սրանից ավելի վատերն էլ կան Եվրոպաներում»:

Երևանում հեծանվով շրջող Արտակ Գաբոյանն այլ կարծիքի է. «Շատ գոհ եմ»:

Ինչևէ՝ անցնեք հարցի ոչ գեղագիտական՝  «նյութական» մասին. ո՞վ է պատրաստում հեծանվային կանգառները, ինչքա՞ն գումար արժե մեկ նմանատիպ կանգառը: Հարցերին պատասխաններ ստանալու համար համար Panorama.am-ը դիմեց քաղաքապետարան, ինչպես նաև դրանք պատրաստող ընկերությանը: Պատասխանները համադրելուց արդեն ծագած որոշ կասկածները չփարատվեցին, ընդհակառակը՝ ավելի խորացան:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ տեղադրվել է թվով 40 հեծանվականգառ, մինչև տարեվերջ նախատեսվում է տեղադրել ևս 35 հատ։

«2015թ.–ի բյուջեով հայտարարվել է հեծանվականգառների պատրաստման մրցույթ. հաղթող է ճանաչվել «Օրիտանտա» ՍՊԸ–ն, մեկ հեծանվականգառի արժեքը կազմել է 125000 ՀՀ դրամ»,-հայտնեցին քաղաքապետարանի հիշյալ վարչությունից:

Ինչպե՞ս է որոշվել հաղթողը, ո՞վ է նախագծել դրանք:

Քաղաքապետարանից պատասխանեցին. «Մինչ ցանկացած մրցույթ հայտարարելը կազմվում է նախագիծ և մրցույթի հաղթող է ճանաչվում այն կազմակերպությունը, որը տվյալ նախագծով պատրաստելու համար առաջարկում է ամենացածր գինը։ Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը: Պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունում»:

Քաղաքապետարանից նշեցին, որ առաջին հեծանվականգառները տեղադրելուց հետո մասնավոր հատվածը հետաքրքրություն է դրսևորել տվյալ ծրագրի նկատմամբ և մինչև տարեվերջ տեղադրվելիք 35 հեծանվականգառները կտեղադրվեն համայնք–մասնավոր համագործակցության արդյունքում, մասնավոր ներդնողների հաշվին։


«Օրիտանտա» ՍՊԸ-ն, պարզվում է, քաղաքապետարանի հայտարարած ևս մի քանի մրցույթների հաղթող է ճանաչվել: Տնօրեն Արտակ Ավետիսյանը Panorama.am-ի հետ զրույցում հավաստացրեց, որ ինքը ոչ քաղաքապետի, ոչ էլ քաղաքապետարանի այլ պաշտոնյայի ազգականը չէ, ուղղակի ցածր գին է առաջարկում: Եթե մասնավորը հետաքրքրված է հեծանվային կանգառների տեղադրմամբ ու բարձր գին կվճարի, ապա իրենք պատրաստ են այլ դետալներ ավելացնել, «օրինակ՝ դարբնի գործ, ձեռքի աշխատանք»:

Ընկերություն տնօրենը չգիտի, թե մրցույթում ովքեր են եղել իր մրցակիցները: Նաև չի հիշում մեկ կանգառը ի՞նչ գնով են իրենք պատրաստել ու ընդհանրապես քանի՞ կանգառ են պատրաստել. «Մի քանի տարի առաջ էր»:

Նկատենք, քաղաքապետարանից հայտնել են, որ մրցույթը հայտարարվել է 2015թ.–ի բյուջեով:

Մրցույթի մասին հստակ տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում չկա:

Մի հետաքրքիր հակասություն էլ. Քաղաքապետարանից ասացին, որ նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, իսկ ընկերության տնօրենն էլ ասում է, իրենք են ներկայացրել, ոչ մի երկրի փորձ էլ չեն ուսումնասիրել:

Նշենք, որ Panorama.am-ի լուսանկարիչն այդպես էլ չկարողացավ ֆիքսել մի կադր, երբ որևէ  հեծանիվն ամրացրած կլինի կանգառին:

Կա՞ր կանգառների տեղադրման անհրաժեշտություն:
Տնօրենն ասաց. «Անհրաժեշտությունը քաղաքապետարանն է տեսել»:

Placeholder
Երևանում տեղադրված հեծանվային կանգառների առեղծվածը (լուսանկարներ)