Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի և հայկական համայնքի նկատմամբ. Թուրքագետ
Քաղաքական
12:02 02/11/2015

Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի և հայկական համայնքի նկատմամբ. Թուրքագետ

Թուրքիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հիմա Թուրքիան կվերանայի իր քաղաքականությունը Հայաստանի հետ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 49.36 տոկոսը:

Ըստ նրա, Թուրքիայում շատ խնդիրներ կան՝ սիրիական, քրդական շարժում, ժամանակ չեն հատկացնի Հայաստանի հետ հարաբերություններին:

«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայում համարվում են ազգային խնդիր, որի պարագայում պետական քաղաքականություն է կիրառվում, ոչ թե կառավարության որոշած քաղաքականությունը»,- ասաց Հ. Չաքրյանը:

Ըստ թուրքագետի, Թուրքիան կարող է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ այն դեպքում, եթե Արևմուտքը, ԱՄՆ-ը ուժեղ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա. «Հիմա էլ գործադրում են, բայց այն աստիճանի ուժեղ չեն, որ Թուրքիան տեղի տա»:

Ինչ վերաբերում է Թուրքիայում հայկական համայնքին, Հ. Չաքրյանի կարծիքով, նույնպես փոփոխություններ չեն լինի, քանի որ ձայների մեծամասնությունը հավաքած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն 13 տարի է իշխանության ղեկին է:

«Չնայած բոլոր բացասական հետևանքներին, հենց այդ կուսակցության շնորհիվ է, որ Հայոց ցեղասպանության հարցի վրա դրված տաբուն ճեղքվածք է տվել, կարողանում են հանգիստ արտահայտվել, չեն դատապարտվում: Էրդողանի կուսակցության շնորհիվ է, որ խոսում են քրդական հարցի մասին, Աթաթուրքի տաբուն նույնպես ճեղքվածք է տալիս: Այսինքն ինչ-որ տաբուներ վերացվել են, չնայած դա մեծապես պայմանավորված է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների հետ»,- ասաց թուրքագետ Հ. Չաքրյանը:

Նախորդող հրապարակումներ՝
Թուրքիայում կայացած ընտրությունների արդյունքներն անակնկալ էին բոլորի համար. Չաքրյան
Էրդողանը կոչ է արել հարգել Թուրքիայի ընտրությունների արդյունքները

Placeholder
Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի և հայկական համայնքի նկատմամբ. Թուրքագետ