Ոստիկանը հայտնել է, թե վարորդը խախտել է հասարակական կարգը, վարորդն էլ նշել` ոստիկանները բռնություն են կիրառել
Իրավունք
09:50 02/11/2015

Ոստիկանը հայտնել է, թե վարորդը խախտել է հասարակական կարգը, վարորդն էլ նշել` ոստիկանները բռնություն են կիրառել

ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակ (տուգանային հրապարակ) է բերվել «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Արման Թ.-ն հրաժարվել է սթափության աստիճանը որոշելու բուժ զննությունից: Վերջինս պատռել է բժշկի կողմից կազմված արձանագրությունը, տևական ժամանակ թե՛ ոստիկանության մասնաշենքում, թե՛ դրա դիմաց հայհոյանքներ է հնչեցրել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ բժշկի հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից: 

Նույն դեպքի վերաբերյալ Արման Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն և մի քանի այլ ոստիկաններ իր կողմից բժշկի կազմած արձանագրությունը պատռելու համար բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով) հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Placeholder
Ոստիկանը հայտնել է, թե վարորդը խախտել է հասարակական կարգը, վարորդն էլ նշել` ոստիկանները բռնություն են կիրառել