«Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը և փողերը ինչեր կարող են անել...». միջազգային մամուլը ադրբեջանական ընտրությունների մասին
Վերլուծություններ
11:25 02/11/2015

«Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը և փողերը ինչեր կարող են անել...». միջազգային մամուլը ադրբեջանական ընտրությունների մասին

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված պառլամենտական ընտրություններին համատարած հաղթել են իշխող Իլհամ Ալիեւի կողմնակիցները, իսկ հիմնական ընդդիմադիր գործիչները եւ միջազգային դիտորդները բոյկոտել են ընտրությունները, դրանք համարելով «կեղծ»:

Այսպիսի հիմնական բովանդակությամբ են այսօր լույս տեսել միջազգային տպագիր եւ առցանց ԶԼՄ-ները՝ քննադատելով Ադրբեջանում կայացած ընտրությունները, բայց հիշեցնելով, որ Բաքուն միջազգային շուկայում Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերով նավթ եւ գազ արտահանող երկիր է:

Human Rights Watch-ի ղեկավար Քեն Ռոթը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում. «Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը եւ փողերը ինչեր կարող են անել քաղաքական գործիչներին բռնությունների առջեւ կուրացնելու համար»:

Գերմանական Deutsche Welle-ն հիշեցնում է, որ Ադրբեջանում իշխում է Ալիեւների ընտանիքը. կրտսեր Ալիեւը նախագահությունը ժառանգել է 2003-ին՝ հոր մահվանից հետո: 

«Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին ընտրություններց առաջ ընդդիմախոսների վրա համակարգված հարձակումների համար»,-գրում է Deutsche Welle-ն:

«Առնվազն 20 մարդ բանտարկված է այս երկրում իշխանությունների քաղաքականությանը դեմ գնալու համար»,-հիշեցնում է Amnesty-ն հրապարակված հայտարարության մեջ: 

Բրիտանական BBC-ն փաստում է, որ իշխող կուսակցությունը տոնում է հաղթանակը, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, որոնք իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների գնահատմամբ անցել են լայնածավալ սահմանափակումների միջավայրում:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հրաժարվել է դիտորդական առաքելություն կազմավորել Ադրբեջանի նոյեմբերի 1-ի ընտրությունների համար՝ հղում անելով ազատությունների աննախադեպ սահմանափակումների եւ ընդդիմության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների վրա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով քվեարկությունից հետո ընտրատեղամը լքել է առանց որեւէ հայտարարություն անելու, ինչպես հաղորդում է Reuters-ը, ավելի վաղ նշել էր, որ ԺՀՄԻԳ որոշումը դիտորդական առաքելություն չներկայացնելու մասին «անընդունելի է»: 

Միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ներառյալ Reuters-ի լրագրողները, չեն ստացել երկիր մուտքի արտոնագիր եւ տեղում ընտրությունները լուսաբանելու հավատարմագրություն: Ադրբեջանի ԱԳՆ-ը հղում է արել որոշ «տեխնիկական խնդիրների» վրա: 

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Պանահովը ընտրատեղամասերի փակվելուց հետո հայտարարել է, որ ընտրությունների ընթացքում որեւէ նշանակալից ընտրախախտում չի արձանագրվել: 

Ավելի վաղ ընդդիմադիր առաջատար Մուսավաթ կուսակցությունը հրաժարվել էր մասնակցել ընտրություններին, հղում անելով իշխանությունների կողմից ստեղծված քարոզչության համար անհավասար պայմանները եւ բազմաթիվ խախտումները: Մուսավաթիստները կոչ էին արել ԿԸՀ-ին հանել իրենց կուսակիցներին ընտրացուցակներից, որը սակայն ԿԸՀ-ն մերժել էր:

Մուսավաթիստների առաջնորդ Իսա Գամբարը ասել էր Agence France-Presse-ին, որ ստեղծված միջավայրում իշխող Յենի Ազերբայջան կուսակցության հաղթանակը լիովին կանխատեսելի է «համատարած ընտրախախտումների» համատեքստում: 

Ընտրախախտումների եւ բռնությունների մասին ավելի համապարփակ պատկեր է ներկայացնում Ազատություն ռ/կ: 

ԱՊՀ դիտորդները, սակայն, ընտրությունները գնահատել են «ազատ եւ թափանցիկ», քննադատելով դիտարկմանը չմասնակցելու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ որոշումը: 

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Թյուրքախոս պետությունների կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամ, Ղրղզստանի ԿԸՀ ներկայացուցիչ Ջարքին Պապանովան հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները կազմակերպվել են «բարձր մակարդակով»: 

Այսօր, նոյեմբերի 2-ին Ադրբեջանի ԿԸՀ-ը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Տեղամասերի մեծ մասում հաղթել են իշխող կուսակցության ներկայացուցիչները: 

Հիշեցնենք, որ սեպտեմբեր 11-ին Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Լինքը հայտարարել էր, որ պայմանավորված Ադրբեջանին իշխանությունների կողմից սահմանափակումներով, ԺՀՄԻԳ-ը չեղյալ է համարում իր դիտորդական առաքելությունը երկրի խորհրդարանական ընտրություններում:

Դիտորդական առաքելություն կազմավորվելու մտադրությունից հրաժարվել էր նաեւ Եվրոպայի Խորհուրդը:

Միջազգային շուկայում, ինչպես հայտնում է ադրբեջանական Հաքքին.ազ կայքը, ադրբեջանական նավթի գները շարունակում են անկում ապրել:

Placeholder
«Զարմանալի է, թե Ադրբեջանի նավթը, գազը և փողերը ինչեր կարող են անել...». միջազգային մամուլը ադրբեջանական ընտրությունների մասին