2016 թ-ին առողջապահության ոլորտին կհատկացվի  86 մլրդ 125 մլն դրամ
Տնտեսություն
12:25 06/11/2015

2016 թ-ին առողջապահության ոլորտին կհատկացվի 86 մլրդ 125 մլն դրամ

2016 թվականին պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին կհատկացվի 86 մլրդ 125 մլն դրամ, ինչը 2015թ-ի համեմատ 1 մլրդ 807 մլն դրամով կամ 2.1 տոկոսով ավելի է: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նշվեց նաև, որ բյուջեի նախագծով առողջապահության ծախսերում՝ «Դեղագործական ապրանքներ» դասի գծով նախատեսվում է հատկացնել 4 մլն 262 հազար դրամ, իսկ «Արտահիվանդանոցային ծառայություններ»-ի համար՝ 27 մլն 705 հազար դրամ: «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով նախատեսված գումարն էլ կազմում է 566 մլն դրամ:

«Զինծառայողների, փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի գծով սոցիալական փաթեթի շրջանակներում նախատեսվում է 14.967 դեպքի բուժում` 2.201.2 մլն դրամով, իսկ «Սրտի վիրահատության ծառայություններ» նոր ծրագրի համար նախատեսվում է 3.505 դեպքի բուժում` 3.085.7 մլն դրամով:

Պ.Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվում է հատկացնել 61 մլն 281 հազար դրամ, որից 670 մլն-ը կհատկացվի «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ հայտնեց, որ 2016թ-ին նախատեսվում է փոխել բյուջեի հիվանդանոցային ծրագրերի կառուցվածքը:

«Առաջարկվում է ներդնել սրտի վիրահատությունների նոր ծրագիր, որտեղ կհամախմբվեն հիվանդանոցային 5 ծրագրում իրականացվող սրտի վիրահատությունները»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ արդյունքում 2016թ-ին սրտի վիրահատությունների առաջարկվող ծրագրի գումարը կկազմի 3.1 մլրդ դրամ:

Placeholder
2016 թ-ին առողջապահության ոլորտին կհատկացվի 86 մլրդ 125 մլն դրամ