ԿԳՆ-ն առաջինն է, որ արժանացել է Հայրապետական կոնդակի
Կրթություն, գիտություն
19:18 10/11/2015

ԿԳՆ-ն առաջինն է, որ արժանացել է Հայրապետական կոնդակի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015 թվականի մրցանակաբաշխությունը: Հանդիսությանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԿԳՆ հասարակայնության հետ կլապերի վարչության հաղորդմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և անձամբ Վեհափառին` կրթության ոլորտի և հատկապես ազգային դպրոցի նկատմամբ ամենօրյա ուշադրության և օրհնության համար:

«Մեր համագործակցությանը Մայր Աթոռի հետ նախևառաջ պարտավոր ենք մեր պատմությանը և նախնիներին: Դժվար է պատկերացնել ժամանակակից հայկական դպրոց` առանց հայկական բաղադրիչի գոյության և ընդգծվածության: Այդ բաղադրիչը, իհարկե, համապատասխան առարկաների առկայությունն է, բայց նախևառաջ դպրոցին ազգային նկարագիր տալիս է մտածելակերպը և արժեհամակարգը»,-ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, չկա լավ ուսուցիչ` առանց արժեքի:

«Այսօր համաշխարհային միտումը` տեխնոլոգիական առաջընթացը, այդ թվում կրթության ոլորտում, միաժամանակ ուղեկցվում է հումանիտար հետընթացով: Եվ այստեղ շատ կարևոր է, որ դպրոցը տա ոչ միայն գիտելիք, դպրոցի առաքելությունն ավելի լայն է»,-ասել է նա:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է հղել միջոցառման մասնակիցներին. « Մեծ շնորհ և պատասխանատվություն է ձեր ուսերին` գիտելիք հաղորդելու, իմաստության և ճանաչողության առաջնորդելու մեր զավակներին, նրանց ձևավորելու որպես սկզբունքներ ունեցող անհատներ, մեր երկրի հայրենասեր քաղաքացիներ և մեր ժողովրդի ազգասեր զավակներ: Այ ս նպատակը առավել չափով իրականանում է ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի և ծառայության արդյունքում: Ձեր նվիրումի և առօրյա ջանքերով են կրթվում և հասակ առնում մատաղ սերնդի միտքն ու հոգին: Այդ պատճառով երբեք բարձրագոչ չէ ասել, որ ձեր ձեռքերում է մեր ժողովրդի ապագան»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը մրցանակներ են հանձնել լավագույն մանկավարժներին:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական կոնդակը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` երկար տարիներ Մայր Աթոռի հետ սերտ և արգասաբեր գործունեության համար:

Placeholder
ԿԳՆ-ն առաջինն է, որ արժանացել է Հայրապետական կոնդակի