Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրաքվեի քարոզարշավում բովանդակային քարոզչություն չի իրականացվում. Հեռուստաընկերությունների մոնիտորինգ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում փոփոխությունների նախագծի վերաբերյալ բովանդակային քարոզչություն չի իրականացվում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` ներկայացնելով հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 5-ը համապետական 6 հեռուստաընկերության (Հ1, «Արմենիա», Հ2, «Շանթ», «Երկիր Մեդիա», «Կենտրոն») մշտադիտարկման միջանկյալ զեկույցը:
Նոյեմբերի 6-ից, երբ սկսվել է ակտիվ քարոզարշավը, մինչև դեկտեմբերի 6-ը խումբը պատրաստվում է ևս մեկ միջանկյալ զեկույց հրապարակել:
«Առաջին օրերին տեսել ենք տեսահոլովակներ, որոնցում խոսվում է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մասին ավելի շատ, քան Սահմանադրության նախագծի բովանդակության: Ինչ-որ տեղ մենք կարող ենք եզրակացնել, որ շատերը շահագրգռված են դա ներկայացնել որպես իշխանության վստահության քվեի համար քվեարկություն», -այսօր «Հանրաքվեների լուսաբանումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները, ասաց Բորիս Նավասարդյանը:
Քաղաքական դաշտում Նախագծի վերաբերյալ քննարկումներում հիմնական շեշտադրումը, ըստ Նավասարդյանի, կատարվում է կառավարման համակարգի փոփոխության` խորհրդարանական համակարգի վրա, իսկ Նախագծի մյուս փոփոխությունները մնում են ստվերում, ինչի արդյունքում քաղաքացիները հնարավորություն չեն ստանում հասկանալ` բացի խորհրդարանական համակարգին անցումից էլ ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
Մեկ այլ առանձնահատկություն ևս մոնիտորինգն իրականացնող խումբը նկատել է այս մշտադիտարկման ընթացքում. քարոզարշավում «այո»-ն քարոզող իշխանությունը, ԵՄԱ նախագահի խոսքով, ներկայացնում է, թե հասարակությունը քվեարկության շուրջ կոնսենսուս ունի, որը հիմնված է իշխանության նկատմամբ վստահության վրա, այն դեպքում երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել, որ քաղաքացին քվեարկում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների համար, այլ աջակցելու է իշխանությանը վերարտադրվել:
Ինչ վերաբերում է հեռարձակող լրատվամիջոցների լուսաբանմանը, Նավասարդյանն ասաց, որ մոնիտորինգի փոքր ժամանակահատվածը հնարավորություն չի տալիս եզրակացնել` հավասարակշռվա՞ծ է եղել լուսաբանումը, թե՞ ոչ:
Այս հանրաքվեն առաջինն է, երբ Հանրաքվեի մասին օրենքով կարգավորումներ կատարվեցին լրատվամիջոցների կողմից քարոզարշավը լուսաբանելու համար: Այդուհանդերձ, Նավասարդյանի խոսքով, օրենքով անհավասար պայմաններ են ստեղծվել և առաջնայնությունը տրվել է խորհրդարանական ուժերին եթեր տրամադրելուն, մինչդեռ կան կազմակերպություններ, փորձագետներ կամ հասարակական կազմակերպություններ, որոնք կարող էին բովանդակային քարոզչություն իրականացնել: