Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանագետ. Իրանն ավելի շատ հետաքրքրված է եվրոպական ընկերությունների հետ համագործակցությամբ
«Ռուս-իրանական համագործակացություն տնտեսական ու էներգետիկ ոլորտում հնարավոր է, բայց ինչ վերաբերում է երկու երկրների կողմից համատեղ էներգետիկ խոշոր ծրագրերի իրագործմանը, ապա այս առումով դժվարություններ շատ կան: Դրանք պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության առկա վիճակով, ներդրումային միջավայրով, իրանական օրենսդրությամբ, որը էներգետիկ ոլորտում նախատեսում է օտարերկրյա կապիտալի էական սահմանափակումներ»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «Ռուս-իրանական համագործակցության ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի վրա» քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը:
Նա նշեց, որ Իրանը իր էներգետիկ կարողություններն օգտագործում է Եվրամիության հետ բանակցությունների գործընթացում, և ավելի շատ հետաքրքրված է որ Իրան գան եվրոպական ընկերություններ:
«Դա կամրապնդի Իրանի դիրքերը Եվրոպայում, սանկցիաների վերացման պրոցեսը կարագացնի և Իրան կբերի նոր բարձր տեխնոլոգիաներ էներգետիկ բնագավառում»,-ասաց Սարուխանյանը:
Ինչ վերաբերում է Իրանի և Ռուսաստանի համագործակցությանը քաղաքական բնագավառում, ապա «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ աշխարհքաղաքական շատ հարցերում, մասնավորապես Մերձավոր Արևելքի, երկու երկրների դիրքորոշումները համընկնում են: Իրանի շրջափակման վերացման հարցում էլ Ռուսաստանի դերը մեծ էր:
«Այս առումով ակնհայտ է, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև ավելի քան լուրջ մերձեցում է, մենք կարող ենք ասել, որ ստեղծվել է իրավիճակային ռազմաքաղաքական ալյանս՝ մասնակցությամբ Իրանի, Իրաքի, Ասադի ռեժիմի ու Մոսկվայի»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:
Նրա խոսքով, դա ազդում է Հարավային Կովկասի վրա, ինչպես նաև Հայաստանի վրա:
Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն, ով տեսակապի միջոցով էր մասնակցում քննարկմանը, հայտարարեց, որ Վրաստանի շահերից չի բխում ռուսական ազդեցության մեծացումը տարածաշրջանում: Վրաստանի շահերից չի բխում նաև Հայաստանի կախյալ դառնալը: