Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան վտանգված է
Վերլուծություններ
13:50 12/11/2015

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագան վտանգված է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի կոնվենցիոնալ համակարգի «թագի զարդն է»։ Այն կոչված է ապահովելու Եվրոպական կոնվենցիային և դրան կից արձանագրություններին միացած կողմերի պարտավորությունների կատարումը։

Դատարանը Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների 820 միլիոն քաղաքացիների անհատական իրավունքների և ազատությունների պահապանն է։ Վերջին տարիներին այն բարձր հեղինակություն է ձեռք բերել իր նախադեպային իրավունքնով։ ՄԻԵԴ-ը` որպես Եվրոպական իրավունքի ստանդարտներ ստեղծող, անդամ երկրների համար սահմանում է ուղեցույցներ և միևնույն ժամանակ հանդես է գալիս որպես մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի վերջին հանգրվան։

Իսկապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեծ դեր է կատարում Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Այն շահագրգիռ բոլոր կողմերի՝ պետությունների, քաղաքացիական հասարակությունների, լրատվամիջոցների և այլնի մշտական աջակցության և քաջալերման կարիքն ունի, որպեսզի կարողանա արդյունավետորեն իրականացնել իր մանդատը։

Այս դրական զարգացումներին զուգահեռ՝ վերջին տարիներին դատարանի համար պոտենցիալ վնասակար միտում է նկատվում։ Մենք այն կանվանենք դատարանի «ավտորիտար տեղաշարժ», որն արտահայտվում է նախ և առաջ դատարանին կամ նրա վճիռներին ուղղված ցանկացած քննադատության նկատմամբ զրոյական հանդուրժողականությամբ։

Հանրային ոլորտում դատարանի հետ որևէ անհամաձայնություն, լինի այն քաղաքական, իրավական կամ բարոյական դրդապատճառներով, համարվում է հարձակում մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա՝ իր հեռուն գնացող հետևանքներով։

Դատարանի անսխալականության և նույնիսկ անթերի լինելու սկզբունքը զարգացվում և լայնորեն գովազդվում է։ Դատարանին քննադատելը գրեթե հավասարեցվում է «իրավական սրբապղծությանը»։ Չենք խոսի այս «տեղաշարժի» բոլոր բացասական հետևանքների մասին, բացի մեկից, այն է՝ սխալվելու ազատության կորուստը։

Այո՛, Դատարանը կորցնում է սխալվելու իր ազատությունը։ Իսկ ինչպես ասում էր Մահաթմա Գանդին․«Ազատություն չարժե ունենալ, եթե այն չի ներառում սխալվելու ազատությունը»։ Թե ինչ նկատի ունենք, կբացատրենք օրինակով։

Նոյեմբերի 10-ի «Մ ’Բալա Մ ’Բալան ընդդեմ Ֆրանսիայի» գործով ՄԻԵԴ-ը որոշեց, որ դիմումն անընդունելի է։ Հենվելով Կոնվենցիայի 7-րդ՝ պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, և 10-րդ՝ արտահայտվելու ազատություն,  հոդվածների  վրա, դիմումատուն  բողոքարկել էր իր դատապարտումը՝  հրեաներին կամ նրանց հավատքը վիրավորելու համար։

Գործը սկզբունքորեն վերաբերում էր խոսքի ազատության և ատելություն քարոզող խոսքի միջև սահմանագիծը գտնելուն։ Համաձայնեք, որ սա բավավական հավակնոտ և դժվար խնդիր է։

Այս գործով դատարանը եզրակացրեց, որ «Դիոդոնե Մ ’Բալա Մ ’Բալան ձգտում էր շեղել հոդված 10-ն իր իրական նպատակից՝ օգտագործելով իր արտահայտման իրավունքն այնպես, ինչը անհամատեղելի է Կոնվենցիայի տառին և ոգուն։ Դատարանն  անընդունելի է համարել Դիոդոնեի հայցը՝ նշելով, որ գործի ընդունումը կնպաստեր Կոնվենցիայի իրավունքների և ազատությունների ոչնչացմանը»։
Իրոք, իմաստուն և հիմնավորված որոշում։

Սակայն մոտ մեկ ամիս առաջ համանման՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, որտեղ ևս պետք էր գտնել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև սահմանագիծը, ՄԻԵԴ Մեծ պալատը որոշեց, որ եղել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (ազատ արտահայտման իրավունք)։

Պարոն Փերինչեքը ևս բողոք էր ներկայացրել, որ Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար իր դատապարտումը հանդիսանում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Ահա այս դեպքում դատարանը եզրակացրեց, որ «ժողովրդավարական հասարակությունում անհրաժետություն չկար պարոն Փերինչեքի նկատմամբ սահմանել քրեական պատիժ՝ հայկական համայնքի վտանգված իրավունքները պաշտպանելու համար։ Այստեղ, համապատասխանաբար տեղի է ունեցել հոդված 10-ի և Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքի խախտում»։

Այսպես, երկու՝ ըստ երևույթին նման գործեր և երկու տարբեր վճիռներ։

Որևէ այլ բացատրություններ չէինք տա այս հակասություններին, այլ կանվանեինք այն ցավալի դատական սխալ, եթե իհարկե դատարանի սխալվելու ազատությունը դեռ լիներ։ Բայց դե անսխալականության թեզը դուռ է բացում դեպի այլ տարաբնույթ ենթադրություններ։

Այսօր կան ՄԻԵԴ-ի շատ այլ դատական վճիռներ, որոնք տվյալ հասարակության համար ունենալով քաղաքական, սոցիալական և բարոյական հետևանքներ, հակասական գնահատականների տեղիք են տալիս և հանգեցնում  անդամ երկրների կողմից քննադատությունների։

Այս ամենով հանդերձ պետք է նշել որ, իրոք, կան նաև շատ անարդար հարձակումներ դատարանի վրա, որոնք արվում են այն անդամ երկրներին արդարացնելու համար, որոնք չեն կատարում ՄԻԵԴ վճիռները։ Այս մոտեցումն անընդունելի է և պետք է դատապարտվի։

Սակայն, որպեսզի ՄԻԵԴ-ը պահպանի իր բարձրագույն իրավական և բարոյական հեղինակությունը,  պարտադրող իրավաբանական վճիռները մշակելիս այն պետք է լինի ավելի հետևողական և զգայուն այնպիսի հարցերում, որոնք կարող են ունենալ գոյաբանական և արժեքաբանական հետևանքներ։

Աննա Մկրտչյան, Ստրասբուրգ

Placeholder