Դավիթ Տոնոյան. ՀՀ տարածքի օբյեկտների պաշտպանության ընթացքում կարելի է կիրառել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը
Քաղաքական
12:45 12/11/2015

Դավիթ Տոնոյան. ՀՀ տարածքի օբյեկտների պաշտպանության ընթացքում կարելի է կիրառել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մեդիամաքսի  խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծելու Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում:
 
Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ: 
 
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ փաստաթղթի մշակումը մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի որոշման համաձայն: Համաձայնագրի նախագիծը բազմիցս քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների փորձագետների կողմից, անցել է ներպետական համաձայնեցման բոլոր փուլերը Հայաստանում, որից հետո ուղարկվել է ռուսաստանյան կողմի հաստատմանը:
 
Համաձայնագրի նախագիծը պատրաստ է, և կողմերը պետք է ընտրեն դրա ստորագրման վայրը և ամսաթիվը: 
 
Դավիթ Տոնոյանը նկատել է, որ համաձայնագիրը կանոնակարգում է երկկողմ հարաբերությունները, սակայն ըստ պայմանավորվածության՝ երկրներից մեկի օդային տարածքի խախտման դեպքում գործելու է նաև ԱՊՀ և ՀԱՊԿ-ի շրջանակում:
 
Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե ի՞նչ նոր դրույթներ է պարունակում համաձայնագիրը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Փաստաթուղթը ստեղծում է իրավական հիմքեր Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ստեղծման համար՝ Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանների շրջանակում: Դա թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի»: 
 
Ի պատասխան Մեդիամաքսի հարցին, թե արդյո՞ք նոր համաձայնագիրը կարող է կիրառվել, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ասել է. «Վստահ եմ, որ չկան հիմքեր կասկածի տակ առնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերի և միջոցների արդյունավետությունը»:
 
Նախորդող լուր՝
Placeholder
Դավիթ Տոնոյան. ՀՀ տարածքի օբյեկտների պաշտպանության ընթացքում կարելի է կիրառել նաև ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ուժերը