Իրանցի մտավորական. Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի
Մշակույթ
12:12 14/11/2015

Իրանցի մտավորական. Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի

«Իրանական մանրանկարչության արվեստը յուրացնելու համար Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է  իրանցի արվեստագետ Մոհամմադ Ալի Ռաջաբին:

Նշենք, որ Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք է ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:

Իրանցի մտավորականը, անդրադառնալով Ադրբեջանի՝ Իրանի մշակութային արժեքները յուրացնելու քաղաքականությանը, մասնավորապես նշում է. «Իրանի պաշտոնյաներն անպայման պետք է արձագանքեն Ադրբեջանի նման գործողություններին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով իրենց բողոքը ներկայացնեն, որպեսզի Ադրբեջանի նման արարքի մասին ողջ աշխարհն իմանա»:

Շարունակելով խոսքը՝ Ալի Ռաջաբին հավելել է. «Եթե մենք նման գործողությունների դեմը չառնենք, դրանք կկրկնվեն: Իրանը պետք է դիվանագիտական ճանապարհով հետամուտ լինի, որ նրանք, որոնք տպագրել են այդ գիրքը, ներողություն խնդրեն»:

Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին», իսկ վերջերս Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ:

Թեմայի առնչությամբ նախորդ հրապարակումները՝
Իրան-Ադրբեջան հարաբերություններում նոր «մշակութային սկանդալ» է հասունանում

Իրանի պահանջով «Միլան-էքսպո 2015»-ում Ադրբեջանի ներկայացրած մանրանկարչության մասին գիրքը հանվել է ցուցադրությունից

Իրանն արդեն գիտակցում է, որ պետք չէ հանդուրժել Բաքվի՝ իրանական պատմությունն ադրբեջանականացնելու քաղաքականությունը

Placeholder
Իրանցի մտավորական. Ադրբեջանը պետք է ներողություն խնդրի