Իմ կարծիքով, ԵՏՄ-ն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը. Աշոտյան
Կրթություն, գիտություն
14:50 21/11/2015
Հայաստան

Իմ կարծիքով, ԵՏՄ-ն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը. Աշոտյան

«Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկված լինելու շնորհիվ մենք հասանք հաջողության և ավարտեցինք կրթական բարեփոխումների առաջին փուլը»,-նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն՝ այսօր  Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Ինտեգրում կրթության միջոցով» դասախոսության ժամանակ: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Ներկայումս մարտահրավեր է Հայաստանի համար՝ անցնել բովանդակային բարեփոխումների, փորձել վերանայել կրթական ծրագրերի բովանդակությունը ըստ եվրոպական չափանիշների և դրանք համապատասխանեցնել հասարակության և քաղաքացիների պահանջներին: Կրթության դերը, ընդհանրապես, թերագնահատվում է քաղաքական գործընթացներում: Իմ կարծիքով, կրթությունը լավագույն գործիքն է՝ մարդկանց իրար կապելու տեսանկյունից»,-նշել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ 2016 թվականից Հայաստանը պաշտոնապես կմիանա Հորիզոն-2020-ին՝ որպես լիարժեք անդամ, իսկ դա նշանակում է, որ հայ գիտնականները մրցունակ լինելու դեպքում կստանան ֆինանսական աջակցություն և Եվրոպայում կկարողանան գտնել գործընկերներ:

«Հայաստանը միակ ոչ ԵՄ անդամ երկիրն է, որը ստանձնել էր Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը 3 տարով և Բոլոնիայի նախարարական գագաթաժողովն անցկացրել Երևանում: Այսպիսով, շատ կարևոր է հասկանալ, որ Բոլոնիայի գործընթացի քաղաքակրթական ընտրությունը Հայաստանի կրթական համակարգի համար ոչ միայն կրթական չափանիշների խնդիր է, այլ նաև արժեքների:  Կարծում եմ՝ ձեզ կարող է հետաքրքրել ԵՏՄ-ի անդամակցության կրթական հեռանկարները: Այս պահին ԵՏՄ-ն չունի կրթական համակարգ: Սակայն կան կետեր, որոնք պարտադրում են անդամ երկրներին ավտոմատ ընդունել ավարտական դիպլոմները և գիտական աստիճանները (բացառություն է կազմում բժշկական, մանկավարժական և իրավաբանական կրթությունը): Այսպիսով, ընդհանուր տնտեսությունը թելադրում է ընդանուր աշխատանքային շուկան, իսկ ընդանուր աշխատանքային շուկան պարտադրում է ունենալ ընդանուր կրթական հարթակ: Իմ անձնական կարծիքն այն է, որ եթե ԵՏՄ-ն երկարատև ծրագիր է, ապա այն պետք է ունենա նաև իր կրթական համակարգը և իր կրթական ծրագրերը, որովհետև ԵՏՄ երկրները Բոլոնիայի գործընթացի անդամներ են:  Հետևաբար, հասկանալի է, որ եթե անգամ ԵՏՄ-ն ունենա իր կրթական ծրագիրը, այն չի հակասի եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ծրագրերին, հակառակը՝ այն պետք է օգտագործի եվրոպական ծրագրերի փորձը»,-դասախոսության մեջ նշել է Աշոտյանը:

Placeholder