Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված ԵԱՏՄ-ն կարգավորումներ է իրականացնում. ԱԺ
Քաղաքական
12:11 23/11/2015

Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված ԵԱՏՄ-ն կարգավորումներ է իրականացնում. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում այսօր քննարկման դրվեց 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ստորագրված` «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: 

Ինչպես նշեց հարցը զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը,  արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկություններ՝ կապված Ղազախստանի Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները, ըստ նրա, վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում և որոնց հանդեպ Ղազախստանի կողմից ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան կիրառվելու են միասնական մաքսային սակագնից տարբեր դրույքաչափեր: 

Ըստ Ս.Կարայանի՝ արձանագրությամբ նաև նախատեսվում է, որ ցանկում ներառված ապրանքները  Ղազախստանի տարածք ներմուծման ժամանակ ձևակերպվում են ներքին սպառման համար մաքսային ընացակարգով և համարվում են պայմանական բաց թողնված ապրանքներ Մաքսային միության Մաքսային օրենսդրության  համապատասխան:

«Այս դեպքում Ղազախստանը կիրառելու է համապաստախան միջոցառումներ  նշված ապրանքները ԵՏՄ անդամ երկրների տարածք տեղափոխումը արգելելու համար»,- ասաց նա:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանը նշեց, որ հայ արտադրողներին անհանգստացնում են մի շարք հարցեր, որոնք ԵՏՄ-ին միանալուց հետո դեռևս լուծված չեն: Մասնավորապես, ըստ նրա, խոսքը վերաբերում է ԱԱՀ-ին:

«Հայաստանից Ռուսաստան ուղարկվող ապրանքները ինչ-ինչ պատճառներով հետ են գալիս և կրկնակի ԱԱՀ-ով հարկվում: Այսինքն՝ մեկ անգամ հարկվում է Ռուսատանում, հետո 50 օր հետո վերադարձնելուց հետո հարկվում է նաև Հայաստանի սահմանում: Մինչդեռ նման բան նախկինում չկար»,- ասաց պատգամավորը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա կայանում է նրանում, որ Ռուսաստանից Հայաստան եկող ապրանքների համար սահմանին նույնացման սերտիֆիկատ չեն պահանջում, իսկ հայկական ապրանքների համար պահանջում են:

«Սրանք անօրինակ գործողություններ են հայ արտադրողների նկատմամբ»,- ասաց Ա.Պետրոսյանը:

Ս.Կարայանը անդրադառնալով ԱԱՀ-ին, նշեց, որ երբ Հայաստանից ապրանքներ են  արտահանում ՌԴ, ապա Հայաստանում վճարված ԱԱՀ-ը պետք է հետ վերադարձվի և Ռուսաստանում վճարվի այդ հարկը:

«Երբ արտահանված ապրանքների որոշ մասը ինչ-որ պատճառներով հետ է վերադառնում, ապա կախված այն հանգամանքից, որ աշխատում եք այլ իրավաբանական անձի հետ, ապա ապրանքների ետ վերադարձման ժամանակ նույն մեխանիզմը պետք է կիրառվի հակադարձ ուղղությամբ: Այսինքն՝ պետք է արտահանում ձևակերպվի ՌԴ-ի կողմից և հետ վերադարձվի ԱԱՀ-ն, իսկ Հայաստան վերադառնալուց հետո նորից վճարվի ԱԱՀ-ը»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:

Նա նաև նշեց, որ ԵՏՄ շուկայում ԱԱՀ-ի ետ վերադարձման խնդիրները կապված են նաև այն համագամանքի հետ, թե ներմուծողը վճարել է  արդյոք ԱԱՀ-ն և հարկային մարմիններից համապատասխան տեղեկանքներ վերցրել և ներկայացրել է. «Այսինքն՝ որոշակի ընթացակարգեր են նախատեսվում, դրա համար խնդիրներ են առաջանում»:

«Բուրաբայում  տեղի ունեցած բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ նախագահի կողմից նույնպես բարձրացվել է այդ հարցը, որ ԱԱՀ-ի վերադարձման սկզբունքները ավելի պարզեցվեն և հստակեցվեն, դրանից հետո մեր կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրություն, որով պետք է կանոնակարգվեն  ԱԱՀ-ի վերադարձման և գանձման հետ կապված խնդիրները: Հույս ունենք, որ դեկտեմբերի 21-ին կայանալիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ այդ արձանագությունը կստորագրվի և փոփոխություն կկատարվի «ԵՏՄ մասին» մայր պայմանագրում և ԱԱՀ  խնդիրները կկանոկարագվեն»,- հայտնեց Ս.Կարայանին:

Ինչ վերաբերում է նույնականացման սերտիֆիկատների խնդրին, ապա փոխնախարարն ասաց, որ Հայաստանից դեպի ԵՏՄ անդամ երկրներ և հակառակ ուղղությամբ նույնականացման սերտիֆիկատներ կարող են միայն պահանջվել այն ապրանքների համար, որոնց մասով ՀՀ-ն կիրառում է Մաքսային միության միասնական մաքսային սակագներից տարբերվող այլ սակագներ:

  «Մնացած ապրանքների մասով իրավունք չունեն նույնականացման սերտիֆիկատ պահանջել»,- նշեց նա:

Placeholder
Ղազախստանի՝ ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված ԵԱՏՄ-ն կարգավորումներ է իրականացնում. ԱԺ