Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԽԽՎ դիտորդները հրապարակել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնահատականը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացրել դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում, հրապարակել է իր գնահատականը։
Ինչպես ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հանրաքվեն հանգեցրեց նոր սահմանադրության ընդունման։
Նշվում է, որ ըստ նախնական արդյունքների քվեարկությանը մասնակցածների 64 տոկոսը կողմ է քվեարկել փոփոխություններին՝ այսպիսով ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ գրանցված ընտրողների 25 տոկոսի մասնակցության քվորումը։
«Համեմատաբար ցածր մասնակցությունը, բնակչության մոտ 50 տոկոս, արտացոլում է այն փաստը, որ հանրաքվեն պայմանավորված է քաղաքական շահերով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2,5 տարվա բարեփոխումների գործընթացն այնքան ամբողջական չէր, խորհրդարանն ուներ ընդամենը մի քանի շաբաթ տեքստը քննարկելու համար և հանրային բանավեճը սահմանափակվեց 2 ամսով՝ դժվարացնելով համաձայնության ձեռք բերումը։
«Այսպիսով, սահմանադրական բարեփոխությունների հիմնական առանցքը՝ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցումը, բազմաթիվ քաղաքացիների կողմից դիտվում է որպես ներկայիս նախագահի՝ իշխանությանը մնալու միջոց՝ նրա երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո»։
Քվեարկության գործընթացի հետ կապված պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները մտահոգված չէին դեպի նոր սահմանադրություն տանող գործընթացի անաչառությամբ և նշվում է մի քանի խնդիրներ․
• Ընտրացուցակների անճշտությունները, որոնք պարունակում են արտերկրում մշտապես բնակվող կամ անգամ մահացածների անուններ՝ հանգեցնելով այն պնդումների, որ այս անուններն օգտագործվում են մարդկանց կողմից, ովքեր քվեարկում են մի քանի անգամ։
• Խոշոր չափերի կազմակերպված ընտրակաշառքների, կառուսելի, ընտրողների վրա ճնշում գործադրելու պնդումները։
• Լրատվական դաշտը մեկ անգամ ևս հավասար չէր և քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու և մոտիվացնելու համար։
• Գործադիր մարմինների կողմից վարչական ռեսուրսների չարաշահում։
• Ընտրական պաշտոնյաների ճնշումների, կաշառելու պնդումները։
• Տեղմասային ընտրական պաշտոնյաների վերապատրաստման թերությունները՝ հատկապես հաշվարկի ընթացքում։
• Շարժական քվեարկության բացակայությունը արդյունավետորեն բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։
ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի կառուցի վստահություն քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ ապահովելու համար Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան։
ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում է եղել դեկտեմբերի 4-ից 7-ը, որի ընթացքում հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։
Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։