Երևանի մամուլի ակումբը հրապարակեց, թե ինչպես է լուսաբանվել հանրաքվեն
Իրավունք
14:23 08/12/2015

Երևանի մամուլի ակումբը հրապարակեց, թե ինչպես է լուսաբանվել հանրաքվեն

Երևանի մամուլի ակումբն այսօր ներկայացրեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի լուսաբանումը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում» մոնիտորինգի արդյունքները: Մոնիտորինգն իրականացվել է Երևանի մամուլի ակումբի կողմից, 2015թ. հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Աջակցություն պրոֆեսիոնալ և որակյալ լրագրությանը՝ Ինքնակարգավորման մարմինների տարածաշրջանային ցանցի միջոցով» ծրագրի շրջանակներում:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով, իրենք չեն արձանագրել որևէ օրենսդրության կամ կարգավորող իրավական նորմերի ակնհայտ խախտում:

«6 հեռուստաընկերությունները՝ Հ1-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիան», Կենտրոնը, «Արմենիան», «Շանթը» և դրանց լրագրողներն աշխատում էին հավասարակշռված լուսաբանել արշավը, ակնհայտ կողմնապահություն չենք արձանագրել: Փորձ էր արվել կազմակերպել դեբատներ, առանձին հաղորդումներ, Ա1+ և Armnews համատեղ ռեալիթի շոուն, որը ցուցադրեցին նաև «Արմենիա»-ն և Հ1-ը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց, որ որոշակի հարցեր էին առաջանում հեռուստաիրապատումի մասնակիցների առումով, բայց դա, ըստ նրա, եղել է ընդդիմադիր դաշտի՝ նախագծին մասնակցելու ցանկության բացակայության պատճառով:

Մոնիտորինգի ընթացքը բաժանվել է երեք մասի՝ բաժանվել էր առաջին երկրորդ և երրորդ մասերի։

Առաջին երկու փուլը, որը եղել է  մինչև հոկտեմբերի 19-ը,  անցել է չափազանց հավասարակշռված և չկար ուժ, որը առավելություն ունենար: Իսկ երրորդ փուլում արդեն ՀՀԿ-ն բավական մեծ առավելություն  է ստացել բոլոր մնացած քաղաքական ուժերի նկատմամբ:

«Դա հիմնականում պայմանավորած էր նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցով, որը տրվել էր մի շարք հեռուստաալիքների:  Այստեղ որևէ  օրենքի կամ կանոնակարգի խախտում չենք կարող արձանագրել, բայց քարոզչության առումով անցանկալի երևույթ էր»,- ասաց նա:

 Նավասարդյանը որպես  խնդիր մատնանշեց «Եռանկյունի» հաղորդումը, որը վարում է  ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԿԳՆ Արմեն Աշոտյանը: 

Ինչ վերաբերում է քարոզչությանը քաղաքական ուժերի մասնակցությանը, ապա ըստ Նավասարդյանի, «Այո»-ի ճամբարից վերջին փուլում ՀՅԴ-ն  պասիվացել էր և հետ մնացել:  ԲՀԿ-ն բավական պասիվ քարոզարշավ է իրականացրել: «Ոչ»-ից՝ վերջին երկու շաբաթներին ՀԱԿ-ը առաջ է անցել և՛ ՕԵԿ-ից, և՛ «Ժառանգությունից»։

Ի դեպ, վճարովի եթերի  90% -ից ՀՀԿ-ն էր օգտվել, ինչը, ըստ բանախոսի, խոսում էր ռեսուրսների հնարավորության մասին:

Վերջում բանախոսը թվեր ներկայացրեց, ըստ որի՝ ընդհանուր «ոչ»-ն առաջ է ընկել եթերաժամի թվերով, արդյունքում բուն հանրաքվեից գրանցվել է 330 դրական՝ «այո»-ի անդրադարձ, 396  բացասական՝ «ոչ» և 526 չեզոք անդրադարձ:

Placeholder
Երևանի մամուլի ակումբը հրապարակեց, թե ինչպես է լուսաբանվել հանրաքվեն