Քաղաքագետ. Ադրբեջանը ցանկանում է  խափանել  նախագահների հնարավոր հանդիպումը կամ փոխել օրակարգը
Քաղաքական
11:44 11/12/2015
Հայաստան

Քաղաքագետ. Ադրբեջանը ցանկանում է խափանել նախագահների հնարավոր հանդիպումը կամ փոխել օրակարգը

«Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը շատ քիչ է, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան ոչ տնտեսապես, ոչ էլ ռազմական պոտենցիալը կհերիքի: Ալիևն էլ քաղաքական ռեսուրսներ չունի ոչ երկրի ներսում, ոչ տարածաշրջանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  լարված իրավիճակի մասին:

Նրա կարծիքով, վերջին օրերի լարվածության պատճառները երկուսն են. «Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: Մշտապես ընտրական գործընթացների ժամանակ Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները սահմանին, նպատակը ոչ թե ապակայունացումն է, այլ հետախուզական խնդիրներ է ուզում լուծել, այսինքն ցանկանում է տեսնել, թե  ֆորսմաժորային վիճակներում ինչպես է  կարողանում հայկական կողմն արձագանքել արտաքին մարտահրավերներին, մոբիլիզացնել ռեսուրսները, արագ արձագանել հարցերին: Երկրորդ պատճառն առաջիկայում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հասնել նրան, որ այդ հանդիպումը չկայանա կամ հանդիպման ժամանակ խոսք գնա ոչ թե կարգավորման գործընթացի մասին, այլ սահմանին ստեղծված իրավիճակի վերահսկելիության շրջանակներում տարվեն խոսակցությունները: Այսինքն այդպես ցանկանում են փոխել հանդիպման օրակարգը»:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացից, քանի որ չի տեսնում այդ գործընթացի ժամանակ այնպիսի լուծում, որը կլինի իրեն ձեռնտու:

«Սրելով իրավիճակը՝ ցանկանում է ժամանակ շահել: Ադրբեջանը հասկանում է, որ ռազմական գործողություններով չի հասնի իր նպատակին և կարծում է, որ ժամանակի ընթացքում տարածաշրջանում ինչ-որ բան կփոխվի, իրենց դիրքերն ավելի բարենպաստ կլինեն մեծ պահանջներ ներկայացնելու համար»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա, նման պայմաններում հայկական կողմի պահանջը պետք է ուղղված լինի ոչ թե ԵԱՀԿ ինստիտուտին, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, պահանջը պետք է  մեկը լինի՝ ամեն ինչ անել՝ զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, դրա համար անհրաժեշտ մեխանիզմները գտնվում են այդ պետությունների մայրաքաղաքներում:

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ նախագահների առաջիկա հանդիպումից պետք չէ շատ ակնկալիքներ ունենալ:

«Բանակցային գործընթացն ու իրավիճակը սահմանին վաղուց տարբեր երևույթներ են դարձել:  Գետնին այլ բան է տեղի ունենում,  բանակացությունների սեղանին՝ այլ, որոնք չեն արտահայտում  սահմանին տեղի ունեցող իրադարձությունները:  Մի կողմը ցանկանում է  իրական բանակցություններ, մյուս կողմն իր քաղաքականությամբ չի նպաստում խնդրի լուծմանը:  Հույս կա, որ այդ հանիպումը կնպաստի գոնե լարվածության նվազմանը»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Placeholder
Քաղաքագետ. Ադրբեջանը ցանկանում է խափանել նախագահների հնարավոր հանդիպումը կամ փոխել օրակարգը