Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսական ցուցանիշները բյուջեում համեստ են և դրանց կատարումը որևէ խնդիր չի ներկայացնելու. տնտեսագետ
2016 թվականի բյուջեն զարգացման բյուջե չէ: Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ հավելելով, որ մեր բյուջեն ավելի շատ նպաստներ, թոշակներ տվող և նման խնդիրներ լուծող բյուջե է:
«Տնտեսական զարգացման բաղադրիչ որպես այդպիսին բյուջեն չունի»,- նկատեց տնտեսագետը:
Ըստ Վ.Խաչատրյանի՝ տնտեսական ցուցանիշները բյուջեում համեստ են և դրանց կատարումը որևէ խնդիր չի ներկայացնելու:
«2.2 տոկոս աճ մեր երկիրը կարող է ունենալ»,- նշեց նա:
Ըստ նրա՝ տնտեսության մեջ լուրջ խնդիր է հանդիսանում եկամուտների մասը, սակայն դա հաշվի չառնելով 2016թ. բյուջեով՝ պակասուրդը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%, որը հավասար է 190 մլրդ դրամի։
«2015թ- ի բյուջեի դեֆիցիտն արդեն գերազանցել է բյուջեի օրենքով դրված ցուցանիշը, և այսօր բյուջեի մեջ դեֆիցիտը կազմում է 3.8%, այնինչ տարվա սկզբին նախատեսել էին 2.3%»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, որ սա նշանակում է, որ սեկվեստրի դիմելու փոխարեն՝ ավելացրել են դեֆիցիտի բաղադրիչը:
Անդրադառնալով արտաքին պարտքին, տնտեսագետն ասաց, որ բյուջեի ուղերձով նախատեսվում է՝ արտաքին պարտքը պետք է աճ արձանագրի:
«Սրանք լուրջ մարտահրավերներ են մեր տնտեսության համար և միայն 2015թ. հունվար-հոկտեմբերի դրությամբ արդեն ունենք 4 մլրդ 827 մլն դոլարի հասնող պետական պարտք: Իսկ եթե դրան գումարենք 380 մլն դոլարը, որն ավելացել է այս 10 ամիսների ընթացքում, ապա սա մեր տնտեսության համար վտանգավոր է, քանի որ տնտեսական աճի տեմպերը այնքան էլ բարձր չեն»,- ասաց Վ.Խաչատրյանը: