Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում
Իրավունք
17:35 12/12/2015

Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է որդու վատ վիճակի մասին.

«Հայկ Կյուրեղյանը ձերբակալման պահից սկսած ենթարկվել է ֆիզիկական և բարոյա-հոգեբանական ճնշումների: Դեռ նախաքննության ընթացքւմ նա ենթարկվել է խոշտանգումների ոստիկանների կողմից, որի  նպատակն է եղել կոտրել արդարության համար ռեժիմի դեմ պայքարի ելած երիտասարդի ոգին: Սակայն տեսնելով նրա անկոտրում կամքը, իշխանությունները  սկսեցին վրեժխնդիր լինել Հայկ Կյուրեղյանից՝ արգելելով նրա տեսակցությունը հարազատների հետ,  միաժամանակ փորձելով վարկաբեկել և հասարակական բացասական կարծիք ձևավորել նրա նկատմամբ:

Դատական նիստերի ընթացքում Հայկ Կյուրեղյանի հայտարարությունները, ոտքի չկանգնելը և իշխանություններին համապատասխան բնորոշումներ տալը, էլ ավելի բորբոքեց ռեժիմի զայրույթը: Հայկ Կյուրեղյանը զրկվեց դատական նիստերին մասնակցելու և իրեն պաշտպանելու հնարավորությունից: Խստացվեց նաև մեղադրական հոդվածը՝  պահանջելով 14 տարվա ազատազրկում:  Չնայած այդ բոլորին, Հայկը շարունակեց պայքարը:

Գտնվելով բանտում, նա հայտարարությունով իր զորակցությունը հայտնեց սահմանադրական փոփոխությունների և ռեժիմի դեմ պայքարող քաղաքական ուժերին: Այս բոլորից հետո տարբեր եղանակներով ճնշումների ու սպառնալիքների ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները։ Եղել են սպառնալիքներ՝ արդյոք չենք մտածում թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել «նույն հոդվածներին>> արժանացնել և ազատությունից զրկել Հայկի ընտանիքի անդամներին:

Այս բոլոր անօրինական գործողությունները ծրագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից:  Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է, և իր պաշտպանության միակ միջոցը մնացել է հացադուլը:

Հայկ Կյուրեղյանն արդեն 24 օր է հացադուլի մեջ է:  Գտնվելով բանտում Հայկը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ: Լինելով չծխող, միաժամանակ գտնվելով փակ և գերբեռնված տարածքում, որտեղ կալանավորների թիվը եռակի ավել է (17 հոգի), ուր քնում են հերթափոխով, չկա պատշաճ օդափոխություն արդյունքում առաջանում է թթվածնային քաղց՝ Հայկը ձեռք է բերել ալլերգիա ծխի նկատմամբ և խրոնիկական հազ: Հարազատների դիմումից հետո Հայկը ստացել է թերի բուժում, որը դադարեցվել է՝ պատճառաբանելով, որ չկա համապատասխան մասնագետ:

Այժմ Հայկը ծայրահեղ հյուծված վիճակում է, նրա առողջությունը և կյանքը վտանգված է, բայց նրա ոգին ու կամքը՝ անկոտրում:  Կա անհանգստություն, որ նա դիտավորյալ՝ սննդի հետ կարող է ստանալ առողջությանը վնաս պատճառող նյութեր: Անհրաժեշտություն կա Հայկ Կյուրեղյանին անհապաղ տեղափոխել առանձին խուց և ապահովել նրա բուժումը: Հայկ Կյուրեղյանի և ցանկացած կալանավորի առողջության ու կյանքի համար պատասխանատու է իշխանությունը, որը պետք է ապահովի բոլոր կալանավորների կյանքի ու առողջության անվտանգությունը, այլ ոչ թե քաղաքական վրեժխնդրությունը դարձնի գործելաոճ:

Ազգային անվտանգությունը իր գոծակալների, իր հետ համագործակցող անձանց միջոցով Հայկ Կյուրեղյանին դրել  է ծայրահեղ ծանր փակուղային վիճակում: Նրա կյանքը և առողջությունը վտանգի տակ է; այս ամենի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է , զգուշացնում եմ նման ստոր, նենգ  գործելակերպով ոչ միայն Հայկ Կյուրեղյանի այլև հայ ժողովրդի հետ դուք բացում եք 2-րդ ճակատ, դուք հասնում եք նրան որ ադրբեջանին պատերազմ հայտարարելուց առաջ հայ ժողովուրդը ձեզ հայտարարի պատերազմ»

Placeholder
Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում