Իշխան Զաքարյան. Հավատացեք, 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է
Իրավունք
14:07 18/12/2015
Հայաստան

Իշխան Զաքարյան. Հավատացեք, 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է

Վերահսկիչ Պալատի հաշվետվությունը կազմելիս լրջագույն ազդեցություն է եղել Վերահսկիչ պալատի նախագահի վրա: ԱԺ-ում նման կարծիք հայտնեց Օրինաց երկիր խմբակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանը, ավելացնելով, որ նախորդ տարվա հաշվետվություններում արձանագրված խախտումներն ավելի հասցեական ու մանրամասն են եղել:

«Ես այստեղ, ճիշտն ասած, քաղաքականություն եմ տեսնում»,-ասաց նա, մտահոգություն հայտնելով, որ անկախ մարմնի վրա ճնշում է իրականացվում:

Նա հետաքրքրվեց նաև վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունքների մասին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ կարծիք հայտնեց, որ «մեզ պետք է ուժեղ վերահսկիչ պալատ»:

«Այն բոլոր խնդիրները, որոնք եղել են, նորից ինչ-որ ձևով շարունակվում են, սոցապ ոլորտում մարդիկ են ձերբակալվում: Ինձ հետաքրքիր է, արդյոք դրանք հատվածային են, թե՞ այդ պրոցեսները համակարգային բնույթ են կրում: Վերահսկիչ պալատը պետականության կարևոր գործառույթներից մեկն է, եթե այդ գործառույթը քաղաքականապես ամուր հիմքեր չի ունենում, այն սահմանափակվում է  միայն եզրակացություն տալով»,-ասաց Մելքումյանը:

Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ի պատասխան պատգամավորների, ասաց, որ բավականին շատ առաջարկություններ են արվել, դրանց մեծ մասն էլ օրենսդրական լուծումներ ստացել են:

«Որևէ բան անհետևանք չի մնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Բիշարյանի դիտարկումներին, ապա Զաքարյանը նշեց, որ  երկու տարի պալատն ուսումնասիրում է, թե ինչպես են օգտագործվում վարկային միջոցները: Ասաց, վերջնական գնահատական տալ չի կարող, քանի որ այդ միջոցներով իրականացվող ծրագրերն ընթացքի մեջ են:

«Ինչ վերաբերում է մանրամասներին, ապա հավատացեք, ես անկեղծ եմ ասում, 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է, քան նախորդ տարիների հաշվետվությունները: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, անկախ կազմակերպություններ ևս բարձր են գնահատել պալատի գործառույթները թափանցիկության ու դրանց կատարման առումով»,-ասաց Զաքարյանը:

Ինչ վերաբերում է  պատգամավորներից Իշխան Խաչատրյանի դիտարկմանը, թե պետական որոշ թեմաներ դուրս են մնում հսկողությունից, Զաքարյանն ասաց, որ հնարավոր էլ չէ. «Հաշվի առնելով վերահսկիչ պալատի ունեցած հնարավորությունները»:

Զաքարյանն ասաց, մյուս տարվա ծրագրում անդրադառնալու են սոցիալական ծառայությունների վերահսկողությանը, «հասկանալու, թե ինչ է տեղի ունենում, մի քանի տարի առաջ հայտնաբերած խախտումները շտկվե՞լ են, թե՞ոչ»:

Placeholder
Իշխան Զաքարյան. Հավատացեք, 2014-ի հաշվետվությունը մասնագիտական առումով շատ ավելի լավն է