Վարչապետը  դժգոհություն հայտնեց Գաբրիել Ղազարյանի ներկայացրած ցանկից
Սպորտ
17:31 24/12/2015
Հայաստան

Վարչապետը դժգոհություն հայտնեց Գաբրիել Ղազարյանի ներկայացրած ցանկից

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` Եվրոպայի առաջնություններում, Եվրոպական խաղերում, համաշխարհային Ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով նախարարությանը պետք է հատկացվեր 86 միլիոն 770 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր դժգոհությունը հայտնեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացրած ցանկի վերաբերյալ: «Ես առաջարկում եմ այդ ցանկն անպայման նայել, էնքան հասարակական կազմակերպությունների անուններ եք տալիս, ես չգիտեմ՝ ինչի պիտի պարգևատրենք, եթե մեր սպորտսմեններին պիտի պարգևատրենք, հասկացանք: Ցանկը կնայի նախագահի աշխատակազմը, նոր կստորագրենք»,- ասաց վարչապետը:

Կառավարության նիստից հետո լրագրողները Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեցին, թե ինչ ՀԿ-ների մասին է խոսքը: «Հասարակական կազմակերպությունը դա օրինակի համար «Հայաստան» մարզական միությունն է, որը ևս հասարակական կազմակերպություն է: Խոսքը ֆեդերացիաների մասին չէ: Բայց այդ հասարակական կազմակերպությունները սնվում են պետական բյուջեից»,- ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

Հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը դեմ նրանց պարգևատրմանը, նախարարը պատասխանեց.  «Դեմ չի, ո՞վ ասեց, նման բան ես չհասկացա»:
 

Placeholder
Վարչապետը դժգոհություն հայտնեց Գաբրիել Ղազարյանի ներկայացրած ցանկից