Մեդիա մոնիտորինգի հայկական հարթակը մտադիր է դուրս գալ միջազգային շուկա
Հասարակություն
10:56 24/12/2015

Մեդիա մոնիտորինգի հայկական հարթակը մտադիր է դուրս գալ միջազգային շուկա

Rumors Monitoring-ը` մշակված Rumors ՏՏ ընկերության կողմից, նորագույն առցանց ծառայություն է, որն ավտոմատացված համակարգի միջոցով իրականացնում է բազմալեզու առցանց մեդիայի հետազոտություն, տվյալների և վիճակագրության վերլուծություն՝ տրամադրելով ընթացիկ թարմացումներ:

Panorama.am-ը զրուցել է Rumors Monitoring-ի համահիմնադիր Մուշեղ Գևորգյանի հետ։

- Ի՞նչ է իրենց ներկայացնում Rumors Monitoring-ը:

-Rumors Monitoring-ն առաջին հայկական առցանց մեդիա մոնիտորինգի գործիքն է:

Մեր հարթակի օգնությամբ կազմակերպությունները, ինչպես նաև անհատները կարող են տեղեկացված լինել և հետևել իրենց մասին հրապարակումներին հայկական առցանց մամուլում: Բացի այդ, այն տրամադրում է տեղեկատվության վերլուծություն և ծանուցման համակարգ՝ թարմացումների դեպքում:

Rumors Monitoring-ի յուրահատկությունն այն է, որ հարթակը ոչ միայն գտնում, այլև արխիվացնում է հրապարակված նյութերը: Այնպես որ այլևս կարիք չի լինի թերթել և դասակարգել հազարավոր որոնված էջերը:

-  Ներկայում շուկայում առկա են նմանատիպ գործիքներ, ո՞րն է ձեր հարթակի գրավականը:

- Իրականում, շուկայում առկա են որոշակի նմանություն ունեցող գործիքներ: Մեր հարթակը հիմնված է բոլորովին նոր ալգոլիթմների վրա, ինչը թույլ է տալիս որոնման ավելի ստույգ արդյունքներ ստանալ:

Rumors Monitoring-ը բազմալեզու է և միաժամանակ հնարավորություն է տալիս որոնումը զտել ըստ տարածաշրջանի: Եվս մեկ կարևոր առավելություն է կոնտեքստի կամ կապակցված բառի կիրառումը: Սա ազատում է Ձեզ ավելորդ անգամ ինֆորմացիան դասակարգելուց: Միաժամանակ, Դուք ստանում եք հասանելիություն հին նյութերին, անգամ եթե նրանք հեռացվել են սկզբնաղբյուրից: Ոչ մի այլ գործիք օժտված չէ այս հնարավորություններով:

- Ի՞նչը դրդեց Ձեզ ժամանակ և ռեսուրս ներդնել այս նախագծի մեջ:

- Ներկայիս փոփոխական շուկան պահանջում է տեղեկացվածություն՝ շուկայում առաջատարի դիրքը պահելու համար:

Հայկական շուկան դեռ զարգացման փուլում է, և մեր նպատակն է անհրաժեշտ գործիք տրամադրել շուկայի մասնակիցներին էլ ավելի ժամանակակից և մրցունակ լինելու համար: Սա, իր հերթին, կօգնի մեզ ավելի պատրաստված լինել միջազգային ասպարեզ դուրս գալուն: 

- Ովքե՞ր են Ձեր հարթակի պոտենցիալ օգտագործողները:

- Մեր գործիքը բազմապրոֆիլ է: Այն կարող է կիրառվել ցանկացած ոլորտի համար՝ սկսած PR կազմակերպություններից մինչև պետական կառույցներ:

Նրանք, ովքեր հետևում են լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ հրապարակումներին և օգտագործում դրանք իրենց վարկանիշը բարելավվելու նպատակով, միանշանակ օգտակար կհամարեն մեր հարթակը: Ցանկացած PR միջոցառում կարող է գնահատվել և ուսումնասիրվել Rumors Monitoring-ի միջոցով:

-  Հարթակը գործո՞ւմ է, թե՞ դեռ թեստավորման փուլում է:

- Հարթակը լիարժեք գործում է, և մենք արդեն ունենք օգտագործող կազմակերպություններ:

Այս ամիս մենք ներկայացանք մեր առկա և պոտենցիալ օգտագործողներին հանրային միջոցառման ընթացքում: Ներկայացվեց երեք նոր փաթեթ, ինչպես նաև տրվեց հնարավորություն՝ կազմելու անհատական փաթեթ Ձեր իսկ նախընտրած հնարավորություններով:

Մենք անում ենք ամեն ինչ՝ հարթակի շրջանակում հաճախորդների կարիքները բավարարելու համար: Rumors Monitoring-ն ամեն օր կատարելագործվում է:

- Ինչպես արդեն նշեցիք, հարթակն ընդգրկում է միայն հայկական լրատվական կայքերը, իսկ հետագայում մտադի՞ր եք ներառել նաև սոցիալական ցանցերը:

- Այս պահին մենք մոնիտոր ենք անում մոտ 100 հայկական լրատվական կայք, և այս ցուցակն օրեցօր ընդլանվում է: Անհրաժեշտության դեպքում մեր հաճախորդները կարող են պարզ քայլերով ավելացնել նոր կայքեր ևս։

Միաժամանակ, մոտ ապագայում մտադիր ենք ընդլայնել մոնիտորինգի ծավալները: Մինչ այդ, նկատելով հարևան երկրների լրատվական կայքերն ուսումնասիրելու որոշակի պահանջարկ, մենք հնարավորություն ենք տալիս օգտագործողին ավելացնել ցանկացած նախընտրելի կայք:

Ինչ վերաբերում է սոցիալական կայքերին, ապա շատ ակտիվ աշխատանքներ են տարվում, և արդեն 2016թ. սկզբին այս ուղղությամբ ևս կունենանք թարմացումներ:

-  Իսկ Ձեզ հնարավորություն ընձեռվե՞լ է՝ ներկայացնելու Rumors Monitoring-ը Հայաստանից դուրս:

- Ներկայում շատ ակտիվ աշխատում ենք հայկական շուկայում և պլանավորում ենք դուրս գալ նոր շուկաներ՝ անհրաժեշտ ռեսուրսները ներգրավելուն պես:

Rumors Monitoring-ը ներկայացվել է Wolves Summit-ի շրջանակում՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Այնտեղ մենք ծանոթացանք մի քանի հաջողակ ՏՏ կազմակերպությունների հիմնադիրների հետ, որոնք մեզ որոշակի գաղտնիքներ «փոխանցեցին»՝ նոր շուկաների ներգրավման հետ կապված: Մինչ օրս շարունակում ենք շփվել նրանց հետ, քանի որ նրանցից շատերը հետաքրքրված են մեր գործիքի ապագայով:

-  Ո՞րն է Ձեր թիմի գլխավոր նպատակը:

- Մեր ամենակարևոր նպատակներից մեկը հայրենիքի զարգացումն է, շուկայի բարելավմանն ուղղված նոր միջոցների, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծումը:

Մեր երեխաներին Հայաստանում մեծացնելու ցանկությունը դրդում է մեզ ստեղծել օգտակար գործիքներ, որոնք փոփոխություններ կմտցնեն մեր երկրում:

Այլ երկրներում բարեկեցիկ կյանք փնտրելու գաղափարը հակասում է մեր հիմունքներին: Մենք հավատում ենք, որ Հայաստանը երիտասարդ մասնագետների շատ մեծ պոտենցիալ ունի, ինչը և փորձում ենք ապացուցել մեր աշխատանքով:

Placeholder
Մեդիա մոնիտորինգի հայկական հարթակը մտադիր է դուրս գալ միջազգային շուկա