Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջապահության նախարարության համար 2015 թվականը առանձնահատուկ տարի էր. Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարության համար 2015 թվականը առանձնահատուկ տարի էր, քանի որ նախարարությունը որպես առաջնայնություն սահմանել էր հանրային առողջության ապահովման գործընթացը: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Պետությունն այսօր շեշտադրում է հանրային առողջապահության գերակայությունը։ Սա ենթադրում է երկրի բնակչությանն առաջին հերթին առողջ պահել, իսկ հիվանդության առկայության դեպքում` բարձրակարգ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովել։ Այս ճանապարհով են ընթանում աշխարհի ամենահարուստ և զարգացած երկրները»,- ասաց նախարարը:
Ա.Մուրադյանի խոսքերով՝ այս տարի հանրային առողջապահական ծրագրերում հաջողություններ են ունեցել պատվաստանյութերի մասով:
«Հաջողություններ ունեցանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանում թույլատրված պատվաստանյութերի ներդրման ոլորտում: Այս տարի մենք անցում ենք կատարել ինչպես զորակոչային, այնպես էլ նախազորակոչային տարիքի անձանց պատվաստումների ծրագրին»,- նշեց Ա.Մուրադյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին նոր պատվաստանյութեր են ներդրվել Հայաստանում, ինչի ադյունքում 2.5 անգամ նվազել են մենինգիտների թիվը, 2,5-3 անգամ՝ մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում ռոտավիրուսների դեպքերը:
Անդրադառնալով կենտրոնացված գնումներով անվճար տրամադրվող դեղերի բաշխմանը` նախարարը նշեց, որ անմիջապես արտադրող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով նախարարությունը կարողացել է բարձրացնել դեղերով ապահովվածության մակարդակը շուրջ 80 տոկոսով՝ նախորդ տարիների 30 տոկոսի փոխարեն:
Նախարարի խոսքերով՝ պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել շաքարային դիաբետով հիվանդների և առաջին հերթին հիվանդ երեխաների կյանքը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ՝ շաքարային դիաբետով տառապող երեխաների կարիքների համար ձեռք են բերվել հատուկ գրիչ-ներարկիչներ, որոնք առավել հարմարավետ են և հիվանդներին թույլ կտան ունենալ օրվա առավել ճկուն ռեժիմ և սննդակարգ։
«Սա նաև երեխաներին խարանից ձերբազատելու հնարավորություն է: Այս գրիչների ձեռքբերումը համարում եմ ոչ թե շռայլություն, այլ՝ անհրաժեշտություն»,- նշեց նախարարը։
Առողջապահության նախարարը կարևորեց նաև 2015թ. մեկնարկած Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով ոչ վարակիչ հիվանդությունների (դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի) կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային համատեղ ծրագիրը` երեք տարվա ընթացքում բնակչության 50-60 տոկոս ընդգրկվածությամբ։ Ըստ նրա՝ հունվար-նոյեմբեր ամիսներին ծրագրի շրջանակում իրականացվել է ավելի քան 500 հազար հետազոտություն։
«Հայաստանում երբևէ նման ընդգրկվածությամբ սկրինինգային ծրագրեր չեն իրականացվել։ Արդյունքում, հիվանդացության ցուցանիշների աճ կարձանագրվի, սակայն դրա փոխարեն կնվազեն ուշացած դեպքերը և մահացությունը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով նախարարության բացթողումներին՝ նախարարն առանձնացրեց հանրային առողջապահական ծրագրերի իրազեկվածության պակասը. «Այս աշխատանքները պետք է կրեին համընդհանուր բնույթ»:
Մինչ ասուլիսի մեկնարկը նախարարը հավաստագիր հանձնեց Pharma Tech ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանում 19 դեղագործական ընկերություններից երրորդն է, որ հավաստագիր է ստանում: