Բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանության մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Իրավունք
11:06 25/12/2015
Հայաստան

Բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանության մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բացահայտվել են դեկտեմբերի 24-ին  տեղի ունեցած ավազակային հարձակման և Արթուր Նազարյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: 
Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում  ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակում  ավազակային հարձակումն իրականացվել է Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու կողմից։

Նախնական տվյալներով՝ վերջինս 2015թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 01-ից մինչև ժամը 02-ն ընկած ժամանակահատվածում, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել և բազմաթիվ հարվածներ է հասցրել Երևան քաղաքում գործող «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ին պատկանող գրասենյակի աշխատակից Ա.Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան, ապա հափշտակել գումար ու դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է և հայտարարվել հետախուզում։

Քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ մեղադրյալին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Placeholder
Բուքմեյքերական գրասենյակում տեղի ունեցած սպանության մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում