Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի դեմ
Քաղաքական
11:45 24/12/2015
Աշխարհ

Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի դեմ

Ադրբեջանը ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից ներկայացված օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հակադարձ պատժամիջոցների փաթեթ է նախատեսում ԱՄՆ-ի դեմ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` օրինագիծն առաջ է քաշվել Միլի Մեջլիսի քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռովշան Ռզաևը:

«ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» վերնագրով օրինագիծը  դատապարտում է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարումը», ինչպես նաև «հակաադրբեջանական փաստաթղթի շրջանառությունը» և նախատեսում է պատասխան պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ:

Օրինագիծը քննարկվելու է Միլի Մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հանձնաժողովի ու մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստին:

Ըստ ադրբեջանական փաստաթղթի` «Ադրբեջանը իր անկախության տարիներին բազմիցս բախվում է ԱՄՆ-ի տարբեր կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառմանը: Որոշ ամերիկյան կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով փորձում են խառնվել Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը»:

Ադրբեջանի խորհրդարանի նախագիծն առաջարկում է դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության և ռազմական ոլորտներում, դադարեցնել ադրբեջանական զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին, արգելել ամերիկյան ռազմական և այլ բեռների փոխանցումը Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև արգելել ադրբեջանական ենթակառուցվածքների օգտագործումը այդ նպատակներով:

Նախագծի առվել ուշագրավ առաջարկներից է ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի կազմից ետ կանչելու գործընթաց սկսելը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը Ներկայացուցիչների պալատին էր ներկայացրել «Ադրբեջանի ժողովրդավարացման 2015թ ակտը» անունը կրող բանաձեւը, որը այլ սանկցիաների թվում ներառում է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին զրկել ԱՄՆ մուտք գործելու իրավունքից:

Placeholder
Ադրբեջանը պատժամիջոցներ է կիրառում ԱՄՆ-ի դեմ