Ա.Հովհաննիսյան. Արդարադատության կերտման համար միայն արդարադատության նախարարը պատասխանատու չէ
Իրավունք
12:05 28/12/2015
Հայաստան

Ա.Հովհաննիսյան. Արդարադատության կերտման համար միայն արդարադատության նախարարը պատասխանատու չէ

«Հայաստանում արդարադատություն կա, բայց այդ արդարադատությունը խնդիրներ ունի: Արդարադատության կերտման համար պատասխանատու են յուրաքանչյուրը՝ ես և դուք, ոչ թե միայն արդարադատության նախարարը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կա արդարադատություն:

Նա նշեց, որ դատական համակարգում, քրեակատարողական, հարկադիր կատարման ոլորտներում, բոլոր տեղերում խնդիրներ կան. «Եթե համակարգն աշխատում է, թերություններ չեն կարող լինել: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում շատ խնդիրներ լուծումներ կստանան»:

Խոսելով ցմահ դատապարտյալների հացադուլի և նրանց հարազատների կողմից բարձրաձայնվող խնդիրների մասին, Ա.Հովհաննիսյանն ասաց, որ նախարարությունը իր իրավասությունների շրջանակում արձագանքում է այն խնդիրներին, որոնք կապված են տեսակցության, պահպանման պայմանների հետ:

«Կարծում եմ՝ բոլորս կհաջողենք, եթե յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով: Եթե հացադուլավորները կամ նրանց հարազատները պահանջում են քրեական գործերի վերաբացում, նախարարը որևէ լիազորություն չունի այս խնդրի հետ կապված: Պահանջում են նախարարից մի բան, որի իրավունքը ես չունեմ, անելու դեպքում էլ հակաիրավական է լինելու: Գործերի վերաբացման հետ կապված միայն դատարանն է պատասխանատու այն էլ միայն օրենքով նախանշված հիմքերով»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի օրենսդրական կարգավորման մեջ մի շարք հարցեր կան, այս խնդրի հետ կապված աշխատում է նաև անկախ միջգերատեսչական հանձնաժողով:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ ԵԽԽՎ-ում ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնցով սահմանվում են չափանիշները, թե ովքեր են քաղբանտարկյալներ:

«Հայաստանում որևէ մի բանտարկյալ չի համապատասխանում այդ չափանիշներին»,- ընդգծեց արդարադատության նախարարը:

Placeholder
Ա.Հովհաննիսյան. Արդարադատության կերտման համար միայն արդարադատության նախարարը պատասխանատու չէ