Հովիկ Աբրահամյան. 2016-ին կառավարության կազմի կրճատման քայլեր են իրականացվելու
Տնտեսություն
14:40 29/12/2015
Հայաստան

Հովիկ Աբրահամյան. 2016-ին կառավարության կազմի կրճատման քայլեր են իրականացվելու

Կառավարության նիստերի դահլիճում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների ընդունելություն էր կազմակերպել: Շնորհավորական խոսքեր փոխանակելուց հետո լրագրողները մի քանի հարց ուղղեցին կառավարության ղեկավարին: Նա ասաց, որ իրենք բաց են լրատվամիջոցների հետ աշխատանքում:

«Եթե կան ողջամիտ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկել, եթե կան հիմնավոր քննադատություններ, մենք պատրաստ ենք  տալ պարզաբանումներ»,-ասաց վարչապետը, նշելով, որ 2015-ի բյուջեով նախատեսված բոլոր ծախսերն իրականացրել են, որևէ բան չեն կրճատել:

Լրագրողներից մեկը նկատեց, որ այս տարվա համար նախատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը կարծես չի հաջողվելու ապահովել:

«Չի ստացվում այլ իրողություններից ելնելով, աշխարհում ու տարածաշրջանում ընթացող գործընթացներով պայմանավորված: Բայց մենք կունենանք 3 տոկոսին մոտ կամ մի քիչ էլ ավելի աճ: Բայց դա չի փոխելու մեր ժողովրդի՝ բարեկեցիկ կյանքով ապրելու խնդիրը, որովհետև մենք պետք է կարողանանք հասնել տնտեսական երկնիշ աճի, իսկ այսօրվա իրողությունները դա թույլ չեն տալիս: Եթե փոխվեր ամբողջ կառավարության ղեկավարը, նախարարներ, ոչինչ չէր փոխվելու մեծ հաշվով»,-ասաց Հ. Աբրահամյանը:

Նրա ներկայացմամբ, 2016-ին կառավարության անդամների նկատմամբ նոր մոտեցումներ ու պահանջներ են լինելու:

«Ծախսերի կրճատումներ են լինելու: Կառավարության կազմի կրճատման ուղղությամբ էլ քայլեր են լինելու»,-ասաց վարչապետը:
 

Placeholder
Հովիկ Աբրահամյան. 2016-ին կառավարության կազմի կրճատման քայլեր են իրականացվելու