Գարեգին Երկրորդ. Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները
Օրվա թեմա
12:37 06/01/2016
Հայաստան

Գարեգին Երկրորդ. Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է սուրբծննդյան պատարագը:  Պատարագիչն է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Պատարագին ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձիք, հավատացյալ ժողովուրդը:

Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:

Գարեգին Երկրորդն իր ելույթում  նշեց, որ մեր ժամանակի մեծագույն մարտահրավերն է անհատի, հասարակության, պետության կյանքում խաղաղության խաթարումը. «Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տանջանքներով, հակամարատությունները, աշխարհաքաղաքական շահերի բախումը, ճգնաժամերը, հումանիտար աղետները շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողականություն, սփռել աղքատություն, տառապանքներ: Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները, առավել տարածում է գտել կեղծիքը, սպանությունները»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով, այսօր ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավերում են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:

«Մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում»,- նշեց Գարեգին Երկրորդը:

Վեհափառ Հայրապետն ասաց, որ հայ ժողովրդի առաջ էլ ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը. «Տարիներ  շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից:  Վերջիններս մեր սահմաններում սադրանքների են գնում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում եմ, որ խաղաղության նախաձանախնդրության և հավատքով մեր ժողովուրդն իր հոգու խաղաղությունը պետք է պատվար դարձնի ընդդեմ թշնամու հարձակումների: Մեր զինվորները հերոսաբար պաշտպանում են մեր երկիրն ու սրբազան արժեքները»:

 

Placeholder
Գարեգին Երկրորդ. Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում են հոգևոր, բարոյական արժեքները