Բռնությունների դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն. Կոնգրեսական Ռոյս
Քաղաքական
10:44 08/01/2016

Բռնությունների դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն. Կոնգրեսական Ռոյս

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ փակ քննարկում է  անցկացրել, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքից (ANCA):

Փակ հանդիպումը վարել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, որը քննադատել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման քայլերը:

«Վերջին տասնամյակների ընթացքում այժմ Լեռնային Ղարաբաղում բռնությունը հասել է գագաթնակետին: Միայն անցած ամիս մենք լսեցինք, որ ադրբեջանական կողմը ծանր զինտեխնիկա է կիրառել, այդ թվում նաև` տանկ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր եղան: Դեսպան Ուորլիքը ասել էր, որ սա սառեցված, բայց չմոռացված հակամարտություն է և դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք այդ պատճառով առաջարկում ենք, որպեսզի դիպուկահարները հեռացվեն սահմանից ու ներդրվեն հատուկ մեխանիզմներ: Սա պետք է կատարվի հնարավորինս արագ: Բռնությունների դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն», -հանդիպման ժամանակ հայտարարել է Ռոյսը:

Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղության մեջ, անվտանգ պայմաններում` տարածաշրջանի իր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելով:

Նշենք, որ Էդ Ռոյսը նամակով դիմել էր Ուորլիքին` կոչ անելով վերացնել հակամարտության լուծման հարցում կողմերի միջև դրվող հավասարության քաղաքականությունը:

Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ու դրա նախագահ Էդ Ռոյսին նման հանդիպում կազմակերպելու և իրեն հրավիրելու համար:

«Մենք համաձայնեցինք շարունակել աշխատել հիմնախնդրի լուծման ուղղությամբ», -գրել է համանախագահը:

Placeholder
Բռնությունների դեպքերը պետք է խստորեն դատապարտվեն. Կոնգրեսական Ռոյս