ՀՀ-ում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք. ԱՆ
Առողջություն
15:06 09/01/2016
Հայաստան

ՀՀ-ում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունում արագ արձագանքման խմբի  հերթական խորհրդակցության ժամանակ  կատարվել է համաճարակային իրավիճակի ամենօրյա վերլուծություն: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբ: 

Այսօրվա տվյալներով հոսպիտալացված է 85 հղի, որից 20–ի մոտ` թոքաբորբ: Հանրապետության վերակենդանացման բաժանմունքներում այսօրվա տվյալներով  բուժում է  ստանում  83 հիվանդ,  որից 7-ը միացված է  արհեստական շնչառական սարքին: Նրանցից մեկը հղի է:  Ծանր հիվանդների թիվը մնացել է նույնը, ինչը վկայում է այն մասին, որ իրազեկման շնորհիվ հաջողվել է բարձրացնել բնակչության զգոնությունը և ապահովել հիվանդների դիմելիությունը  հնարավորինս վաղ փուլերում:

Հունվարի 8-ի դրությամբ տոնական օրերի համեմատ Երևանում նվազել է շտապօգնության կանչերի թիվը: 937 կանչից, միայն 180-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով: 

ՀՀ առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տալիս գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները, քանի որ բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի դեպքում:
ԱՆ կրկին հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:

Հիշեցնենք, որ  ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով հանգստյան օրերին` հունվարի 9-ին և 10-ին կաշխատեն  Երևանի և ՀՀ մարզերի ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ամփոփելով խորհրդակցությունը`  հանձնարարեց հանրապետությունում կազմակերպել  առաջին հերթին ռիսկային հղիների համայցեր, ինչպես նաև ավելացնել երեխաների տնային այցերի հաճախականությունը: ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչությանը հանձնարարվեց ուժեղացնել բժշկական կազմակերպություններում սանիտարական նորմերի պահպանման նկատմամբ  վերահսկողությունը:

 Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իրավիճակը վերահսկելի է, ներկայումս համաճարակի վտանգ չկա, սակայն խորհուրդ է տրվում պահպանել վերը նշված բոլոր կանխարգելիչ միջոցառումները:

Placeholder
ՀՀ-ում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք. ԱՆ