Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքագետ. Նման հայտարարությունը կարող է վնասել Ռուսիո պատրիարքի հեղինակությանը
Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների չբնաջնջման վերաբերյալ, ԳԱԱ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը չի ցանկանում մեկնաբանել: Իր որոշման պատճառների մասին նախընտրում է մամուլի ներկայացուցիչների հետ չխոսել:
«Հրապարակման ենթակա չեն»,-Panorama.am-ին ասաց Դեմոյանը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Օսմանյան կայսրության վերաբերյալ աշխարհի ընկալումը մինչև հիմա այն չէ, ինչ գիտական շրջանակներինն է:
«Դրա մի ապացույցը 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով տոնվեց Օսմանյան կայսրության հիմնադրման 700-ամյակը՝ որպես քաղաքակրթական դրսևորում: Դա իրականության մեջ խայտառակություն է, քանի որ Օսմանյան Կայսրությունը քաղաքակրթության թշնամի էր, եկավ բնաջնջելու բուզանդական քաղաքակրթությունը: Այն համաշխարհային քաղաքակարթության մեջ ոչ թե նորամուծություն կատարեց, այլ ընդհակառակը՝ ոչնչացրեց, բնաջնջեց բնիկ ժողովուրդների քաղաքակրթական շատ արժեքներ»,-ասաց Մելքոնյանը:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատրիարքի հայտարարությունները որոշակի քաղաքական ենթատեքստ ունեն: Չբացառելով հանդերձ այս պարագայում նա մտածում է, որ պատրիարքի խոսքում ուղերձներ չկային:
«Պատրիարքի սխալ ձևակերպումները պատմական իրողությունների խեղաթյուրման են հանգեցնում, ինչի իրականում կարող է վնասել հենց Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հեղինակությանը»,-ասաց թուրքագետը:
Լ. Հովսեփյանի կարծիքով, Օսմանյան կայսրության վերաբերյալ պատրիարքի գնահատականը, մասնավորապես այն, որ այդ երկրում ժողովուրդները ապրել են ներդաշնակ, եթե նույնիսկ սխալ ձևակերպում է, հարիր չէ եկեղեցու առաջնորդին:
«Նման զուգահեռների անցկացումը կարող է վնասել Ռուսիո պատրիարքի հեղինակությանը: Հասկանալով, որ հայտարարությունն արժանանալու է բուռն արձագանքի ու հակազդեցության, մամուլի քարտուղարը վերախմբագրումներ արեց»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցն ու ավելացրեց, որ պատրիարքի՝ ժողովուրդների ներդաշնակ ապրելու մասին ձևակերպումները, թյուր ընկալումները բնորոշ են ռուսական ակադեմիական որոշ շրջանակներին:
«Հենց այդ ընկալումների շրջանակում է պատրիարքի հայտարարությունը: Բայց այդ պարագայում էլ պետք է նշել, որ դա հարիր չէ ռուս ուղղափառ եկեղեցուն»,-ասաց թուրքագետը: