Հայագիտությունը չի մնացել ստվերում. ԵՊՀ դասախոս
Կրթություն, գիտություն
09:25 13/01/2016
Հայաստան

Հայագիտությունը չի մնացել ստվերում. ԵՊՀ դասախոս

«Այսօր հայագիտությունը տարբեր հանգամանքների պատճառով հետ է քաշվել, բայց չի նշանակում, որ գնում է կործանման, մնացել է ստվերում: Ամենևին ոչ, դեռ ծաղկում կապրի, ունենք հանճարեղ ուսանողներ»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանը:

Ըստ նրա, այսօր կյանքը հանգամանքների բերումով պահանջ է դրել օտար լեզվի իմացության, բայց հայագիտությունը, հայրենի իմացությունը խիստ անհրաժեշտ է, կարևոր որպես ազգային մտածողություն, երաշխիք սեփական ազգի դիմագծի ապահովման:

«Մենք անցյալից այնքան գրականություն ենք բերել, որոնք դեռ մինչև օրս ուսումնասիրված չեն, միջնադարն ամբողջությամբ ուսումնասիրված չէ ըստ պատշաճի: Բայց դրա անհրաժեշտությունը կա: Կարծում ենք՝ նախորդներն արդեն ամեն ինչ արել են, ուսումնասիրել են, ոչինչ չկա լրացնելու: Բայց երբ մասնագետը խորամուխ է լինում, տեսնում է, որ բաց բաներ դեռ շատ կան, անհրաժեշտություն կա վերանայել անցյալի մեծերի գործերը, որոնք դասական արժեքներ են: Այսօր նաև շփման եզրերն են մեծացել համաշխարհային մշակույթի, գրականության հետ: Այդ գիտակցմամբ  մեզանում շատ բան կա, որ պետք է վերծանվի, վերանայվի, էլ ավելի կարևորվի: Այդ առումով մենք բացարձակապես չենք զիջում մեր ստեղծած գրականությամբ և այսօր այդ գրականության նկատմամբ մեր նորովի ձևավորված գիտական վերաբերմունքով»,- ասաց դոցենտ Վաչագան Ավագյանը:

Նա համոզված է, որ հայագիտությունը կզարգանա բոլոր առումներով. «Եթե մեր սերը մի փոքր մեղմացել է, հաստատ վերականգնվելու է, նախկին պայծառությունը պետք է լինի: Անցյալում էլ այնպես չի եղել, որ հայագիտության, գրականության նկատմամբ անմնացորդ ջերմություն է եղել, հետաքրքրություն: Երբ Պերճ Պռոշյանը «Սոս և Վարդիթեր» վեպը 600 օրինակով տպագրեց, վաճառվեց միայն 150 օրինակ: Խորհրդային տարիներին կարևորվեց, կրկնակի սեր ձևավորվեց գրականության հանդեպ: Գրախանութներում գրքեր չէին մնում, հազարավոր, միլիոնավոր օրինակներով վաճառվում էին»:


 

Placeholder