Նախ սպանել միջի քաղքենուն
Հասարակություն
15:27 13/01/2016

Նախ սպանել միջի քաղքենուն

Հ1Ն1, թե ընդամենը գրիպի սեզոն։ Ինչ ընտրի համաճարակաբանը, ում ասում են՝ խուճապ չտարածեք, ու ընտրում է՝ սովորական գրիպ է։  

ՀՀ ԱՆ-ն հանրայնացնում է թվեր՝ այսօր սուր շնչառական հիվանդությունից մահացել են ևս երկու հոգի, ու շտապում է ավելացնել՝ հիվանդությունը նահանջում է։ Սա էլ ԱՆ-ի ընտրությունն է։     

Հիվանդանոցները ընտրում են ներքին կարանտինը։ Նոր տերմինը ես եմ հնարել՝ ներքին կարանտին։ Այլընտրանք չունեն, երբ «հիվանդությունը նահանջում է», բայց իրենք էլ բժիշկ են, հասկանում են, որ քայլեր է պետք ձեռնարկել։

«Կոսմետիկա, թե դիմակներ»,-մտածում են պարմանուհիները ու փողոց դուրս գալու համար ընտրում են «բաց» գեղեցկությունը։  

«Դիմակ, թե ես տղա եմ»,-մտածում են տղամարդիկ ու որոշում են թրաշոտ դեմքերը չթաքցնել ոչնչով, որովհետև՝ տղամարդը պիտի գրիպից չվախենա, թուրքին էլ չուրախացնի։

Բաքվի ջարդեր, Գյումրիի ընտանիքի սպանություն, գումարներ սահմանային գյուղերին,  թե Հին նոր տարի,-մտածում է Երևանի  քաղաքապետարանը ու ընտրում տոնը։ Տոնելը պարտավորություն է, փողոց մաքրելը՝ ոչ։ Սա էլ քաղաքապետարանի ընտրությունն է։

Համաճարակաբանները խորհուրդ են տալիս մարդաշատ տեղերում չհավաքվել, իսկ քաղաքապետարանը Հրապարակում համերգ է կազմակերպում։  Հիմա՝ առողջությո՞ւն, թե՞ գլամուռ, ինչ ընտրի ազգս։  

Կուզեի բոլոր դեպքերում ժուժկալությունը ընտրեր։



Անահիտ Ոսկանյան

Placeholder
Նախ սպանել միջի քաղքենուն