Գեներալ Ֆիրուզաբադի. Իրանցի հրամանատարների բարի կամքի շնորհիվ ամերիկացի զինվորականները նոր աղետի չհանդիպեցին
Օրվա մամուլ
11:20 14/01/2016
Տարածաշրջան

Գեներալ Ֆիրուզաբադի. Իրանցի հրամանատարների բարի կամքի շնորհիվ ամերիկացի զինվորականները նոր աղետի չհանդիպեցին

«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ամերիկացի զինվորականներին ազատ արձակելու համար շնորհակալություն է հայտնել Իրանին»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Նշենք, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցի հյուսիսում Իրանի ջրային սահմաններն անօրինական մուտք գործելու համար ձերբակալել էին ամերիկացի 10 զինվորականի: Որոշ ժամանակ անց ԻՀՊԿ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ ձերբակալված ամերիկացիներն ազատ են արձակվել, քանի որ քննությամբ պարզվել է, որ նրանք միտումնավոր չեն հատել Իրանի ջրային տարածքը:

«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին, արձագանքնելով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես հայտարարել է. «Եթե չլիներ իրանցի հրամանատարների բարի կամքը, ապա ամերիկացի զինվորականները նոր աղետի կհանդիպեին: Ամերիկացի այն կոնգրեսականները, որոնք ամեն օր հակաիրանական նախագծեր են մշակում և ցանկանում են Իրանի համար խնդիրներ ստեղծել, իրականում ճիշտ տեղեկատվություն չունեն և փակ աչքերով, իրականությունից կտրված ի վնաս ԱՄՆ ժողովրդի՝ քայլեր են ձեռնարկում»:

«Հուսով ենք Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպը, որը հավանաբար տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի կողմից գործած վերջին սխալը չի լինի, դաս կլինի ԱՄՆ Կոնգրեսի համար»,-հավելել է գեներալ Ֆիրուզաբադին:

Placeholder
Գեներալ Ֆիրուզաբադի. Իրանցի հրամանատարների բարի կամքի շնորհիվ ամերիկացի զինվորականները նոր աղետի չհանդիպեցին