Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա. Արմեն Մուրադյան
Առողջություն
15:21 14/01/2016
Հայաստան

Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա. Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գրիպի և սուր շնչառական հիվանդություններին՝  հայտարարեց, որ համաճարակ չկա:

«Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկ ու կես անգամ ավելի հիվանդացության շեմը գերացազնող թվի մասին, և համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Ինչ վերաբերում է «Տամիֆլյու» դեղամիջոցին, որն այս օրերին դեղատներում հնարավոր չէ գտնել, նախարարը նշեց, որ այդ դեղամիջոցը հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի և այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից: «Բոլոր հիվանդանոցներում անխափան ձևով, անվճար սկզբունքներով տրամադրվել է «Տամիֆլյու»: Երեկվանից սկսած` դեղը եղել է նաև պոլիկլինիկական ցանցում` հաշվի առնելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը։ Այն դարձյալ անվճար է տրամադրվում»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Այն տեղեկությունները, թե նախկինում դեղը վաճառվել է 6000 դրամով, նախարարը նկատեց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան և որևէ համապատասխան փաստաթղթում 9 հազար դրամից նվազ գին երբևէ չի եղել:  «Դեղատներում այդ դեղը կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»,- ասաց նա:

Արմեն Մուրադյանը մեկ անգամ ևս անդրադառնալով սուր շնչառական հիվանդություններին, նշեց, որ այսօրվա դրությամբ 948 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով. նրանցից 213-ը երեխաներ են: Հսկողության տակ է գտնվում 114 հղի, որից 38-ը՝ թոքաբորբով: 92 հիվանդներ մնում են վերակենդանացման բաժնում. նրանք ինտենսիվ բուժում են ստանում:

«Առողջապահության համակարգը աշխատել է ծանրաբեռնված, սակայն նվիրվածությամբ և արհեստավարժությամբ: Գրեթե բոլոր ծանր դեպքերի մասով կազմակերպված կոնսիլիումներին անձամբ եմ մասնակցել: Այո, 11 կյանք, ցավոք, չի հաջողվել փրկել, չնայած 10-12 օր բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար ու հավատացեք՝ ինքնամոռաց ձևով էին պայքարում»,- ընդգծեց նախարարը:

Նրա խոսքերով՝ դեպքերի մեծ մասը եղել են ուղեկցող հիվանդություններով: Ըստ նրա՝ տոնական օրերը նույնպես խանգարել են. «Տոնական օրերը նույնպես մեզ խանգարել են: Շատերը մտածել են, որ տոներից հետո կգնան բժշկի, բացի այդ, սերտ շփումները նպաստեցին վարակի տարածմանը»:
Նախարարը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի  պոլիկլինիկաները աշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

 

Placeholder
Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա. Արմեն Մուրադյան