Առաջին անգամ կներկայացվեն Վարդան Աճեմյանի Չորրորդ և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիաները
Մշակույթ
12:04 14/01/2016
Հայաստան

Առաջին անգամ կներկայացվեն Վարդան Աճեմյանի Չորրորդ և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիաները

Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը, որի մեկնարկը տրվելու է հունվարի 15-ին,  կներառի չորս համերգային երեկո, որոնցում կհնչեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Փառատոնի շրջանակներում կներկայացվի հոբելյանական երեկոներ՝ կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Փառատոնն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին:

Փառատոնի առաջին համերգին ելույթ է ունենալու  աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ կատարելու է Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը,  լինելու է նաև պրեմիերա՝ Խաչատուր Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիա ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը:

«Կարևոր փառատոն է, կարևոր երևույթ մեր կոմպոզիտորների համար: Փառատոնն ունի հստակ նպատակ, ձևավորված տեսլական, ստրատեգիկ նշանակության հաղթանակներ, օրինակ այն, որ Սերգեյ Խաչատրյանը կատարում է հայ ժամանակակից կոմպոզիտորի գործ: Սա արդեն խոսում է այն մասին, որ կայացած փառատոն է: Փառատոնն անցկացվում է նախագահի բարձր հովանու ներքո, ինչը նույնպես կարևոր է, քանի որ  մենք տեսնում ենք այն ուժը, որն ուղղված է հայ մշակույթին»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Նա նշեց, որ ծրագրերը, կոլեկտիվները, արտիստները, ովքեր ներգրավված են փառատոնում, վկայում են այն մասին, որ մեծ ապագա ունի փառատոնը. «Ամեն ինչ անում ենք, որ էլ ավելի զարգացնենք»:

Փառատոնի շրջանակներում առանձին համերգային ծրագրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչեն հայ երգչախմբային արվեստի գլուխգործոցներից՝ Էդգար Հովհաննիսյանի խմբերգերն ու ժողովրդական երգերի մշակումները, որոնք երկար ժամանակ չեն հնչել Հայաստանում:

Փառատոնի փակման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կներկայացնի Վարդան Աճեմյանի Չորրորդ սիմֆոնիան՝ նվիրված Հայոց ցեղեասպանության 100-րդ տարելիցին և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիան:

Placeholder
Առաջին անգամ կներկայացվեն Վարդան Աճեմյանի Չորրորդ և Արամ Սաթյանի «Երգ բնության» սիմֆոնիաները